Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը նկատում է. - «Երբ պաշտոնյան սպառնում է լրագրողին` «ես ձեզ կոչնչացնեմ, ձեր թերթը կփակեմ» եւ այլն, դա սովորական «միջազգային պրակտիկա է», ոչ մի արտառոց բան դրանում չկա: «Ազգային սպեցիֆիկան» ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ պաշտոնյան ավելացնում է` «ես դրա համար ունեմ իրավական հիմքեր»: «Եթե, ասենք, որեւէ «06» վազանց է կատարում որեւէ «ջիպի», ապա վերջինիս վարորդն իր թիկնազորով բավարար իրավական հիմքեր ունի «06»-ի տիրոջը քացու տակ գցելու: Որովհետեւ պետության կայունությունը եւ բարգավաճումը դրված է «ջիպավորի» եւ նրա հաստավիզ «ախրանայի» մարզված ուսերին, իսկ նրանց ոտքերի տակ ընկնողը, հակառակը, իրավիճակը ապակայունացնող տարր է», - հեգնում է թերթը իր խմբագրականում:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտ»-ի հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, մասնավորապես, իրեն սպանելու: Պատասխանելով թերթի հարցին՝ ինչո՞ւ հիշյալ դեպքերից հետո միայն ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ ոչ մի ոստիկանի դեմ քրեկան գործ չի հարուցվել, երբ կան հրազենով սպանված քաղաքացիներ, պարոն Հունանյանը վրդովվել է. - «Ի՞նչ գործ ունեին, եկել էին ոստիկանների հետ կռիվ էին անում: Ես էլ եմ էնտեղ եղել եւ պարզ ասում եմ, գնա բոլորին ասա՝ մենք խաղաղ կանգնած էինք, իրենք եկան մեզ ծեծելու, իրենք ջարդվեցին, դրա համար էս վիճակն ա, եղա՞վ, եկել էին՝ մեզ սպանեին, իմացա՞ր»:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը «Ժամանակ Երեւան»-ում բաց նամակով հարցեր է ուղղում վարչապետ Տիգրան Սարգսյանին. - «Ի՞նչ եք մտածում այն մարդկանց մասին, ովքեր Ազատության հրապարակից փախչելիս (հետապնդվելով փախչելիս) ձերբակալվել են Հյուսիսային պողոտա - Աբովյան անկյունում, Կիրովի այգու մոտ, Կրկեսի մերձակայքում` իբր ոստիկաններին դիմադրելու համար: Եթե խնդիր էր դրված «մաքրել» հրապարակը, ինչպես Քոչարյանն էր ասում, ինչո՞ւ էր փախչողը հետապնդվում եւ փախչելով ո՞նց էր դիմադրում հետապնդողին»:

«Դատախազության մասին» օրենքի 7-րդ հոդվածում, «Հայք»-ի մեջբերմամբ, նշված է. «Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»: «Իսկ ի՞նչ է անում մեր դատախազությունը», - հարցնում է թերթն ու շարունակում: - «Կարծում ենք, Հայաստանում դժվար թե մեկն ու մեկը սկսի պնդել, որ այն չեզոք է կամ էլ քաղաքական զսպվածության օրինակ է ծառայում: Ընդհակառակը, մարտի 1-ից հետո դատախազությունը ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում, անում է ամեն ինչ` ընդդիմությանը պատժելու կամ վարկաբեկելու, իսկ իշխանություններին պաշտպանելու համար: Նրանց վերջին գլուխգործոցը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցի քննադատությունն է: «Դատախազության մասին» օրենքում մենք վերստին չգտանք որեւէ կետ, որով գլխավոր դատախազը պարտավոր է միջամտել օմբուդսմենի գործերին կամ կարծիք հայտնել նրանց ներկայացրած զեկույցի վերաբերյալ»:

«168 ժամ»-ը գրում է. - «Այն պահից ի վեր, երբ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մաքսային պետական կոմիտե, բոլորը միաբերան նշում են, որ արդեն մեկ ամիս է, ինչ Մաքսայինում կաշառակերությունը վերացել է: Այսինքն` բոլորը, այդ թվում եւ շատ բարձրաստիճան այրեր ընդունում են այն փաստը, որ մինչեւ այդ այցը Մաքսային կոմիտեի աշխատակիցները, մեղմ ասած, կաշառք են վերցրել: Այդ դեպքում ցույց տվեք գոնե մեկ մարդու, ով պատասխանատու է վերոնշյալ հանցագործության համար: Ո՞վ է պատասխան տալու «պաչկաներով» անգրագետ շրջանավարտներ կամ, որն ավելի վատ է, բանից անտեղյակ մասնագետներ «արտադրելու համար»: Ո՞վ է պատասխանատվություն կրում կամ կրելու հեռուստաեթերի «բռակի» հետեւանքով ազգը դեգրադացիայի ենթարկելու համար… Քանի դեռ մեր իշխանությունները ունեն իրավունք եւ միայն իրավունք, փշալարերից կախված կմնան ոչ միայն ավանդները: Դա վերաբերում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անսահման իրավունքներին եւ «պլինտուսի մակարդակի» պատասխանատվությանը»:

«Տարբեր երկրներում Հայաստանը ներկայացրած մոտ մեկ տասնյակ դեսպաններ պաշտոնավարման ժամկետի ավարտին Հայաստան չեն վերադարձել` մնացել են ապրելու արտերկրում», - գրում է «Հրապարակ» թերթը` թվարկելով այդ դիվանագետների անունները` Արգենտինայում ՀՀ դեսպան Արա Հակոբյան, Կանադայում` Գառնիկ Նանագուլյան, Բելառուսում` Սպարտակ Կոստանյան, Ռուսաստանում` Սուրեն Սահակյան եւ Գագիկ Շահբազյան, Մեծ Բրիտանիայում` Արմեն Սարգսյան, Լիբանանում` Արմեն Նավասարդյան, Ղազախստանում` Էդուարդ Խուրշուդյան, Հալեպում` հյուպատոս Պողոս Սարգսյան, ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչ Մովսես Աբելյան, Իտալիայում Գագիկ Բաղդասարյան, Հունաստանում` Արմեն Պետրոսյան: «Մեր տեղեկություններով», - գրում է թերթը, - «դեռ դեսպան եղած ժամանակ նրանք, դեսպանի անունը օգտագործելով, որոշակի տնտեսական հենք են ապահովել` հետագայում բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Իսկ թե այդ ընթացքում որքան է տուժել Հայաստանի վարկը, ոչ ոք չի կարող հաշվել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG