Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվեց Հանրապետության օրը


Սարդարապատի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցան հիմնական տոնական միջոցառումները եկել էին երկրի օրենսդիր, գործադիր, դատական ու հոգեւոր ղեկավարությունը, կոալիցիոն քաղաքական ուժերի առաջնորդները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարները:

Այստեղ էր նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի ուշ Սարդարապատ եկան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները:

Զորահանդեսից, հուշակոթողի մոտ լռության րոպեից ու ծաղկեպսակներ դնելուց հետո սկսվեց տոնը: Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի առանձին տաղավարներում հյուրասիրություն էր կազմակերպված:

Հանրապետության տոնի առթիվ ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«90 տարի առաջ, այս օրն իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը` վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Այն կայացավ մեր դարավոր պայքարի, մեր ազգի խիզախ զավակների մաքառման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում ցուցաբերած սխրանքի շնորհիվ», - ասված է, մասնավորապես, նախագահի ուղերձում: - «Այսօր մուտք ենք գործում նոր փոփոխությունների ժամանակաշրջան եւ գալիք տարիները մեր պետության պատմության մեջ դառնալու են իրապես լուրջ կարեւորություն ունեցող փուլ: Մեզ վիճակված է ամրապնդել մեր երկրին ու բարենորոգել մեր կյանքը, ունենալ շարունակական զարգացում, որը կանդրադառնա հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներին` քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու գիտության բնագավառներին: Համոզված եմ, որ արդյունքները երկար սպասել չեն տալու, դրանք բոլորի համար շոշափելի են լինելու տեսանելի հեռանկարում»:

«Մեր երկիրն ունենալու է փայլուն ապագա, սակայն միայն իշխանությունը չի կարող լինել վաղվա օրվա կերտման միակ պատասխանատուն: Այդ գործում մեր ժողովրդի ամեն մի զավակ անելիք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է, մեր ժողովրդին ծառայելը` վեհ առաքելություն», - ընդգծել է Սերժ Սարգսյանն իր ուղերձում:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի առաջին Հանրապետությունը, թեեւ ընդամենը երեք տարվա կյանք ունեցավ, սակայն մեր ժողովրդին տվեց այն հզոր հոգեւոր լիցքը, որի շնորհիվ 20-րդ դարավերջին ոչ միայն կրկին վերականգնվեց մեր պետականությունը, այլեւ ազատագրվեց Արցախը»: Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնում, որ «այլեւս անշրջելի են մեր ձեռքբերումները, եւ ժողովրդավարության ու բարեփոխումների ճանապարհն այլընտրանք չունեցող այն ուղին է, որ մեզ տանելու է դեպի մեր նախնիների երազած հայրենիքը»:

«Ռազմի դաշտում տարած հաղթանակները`զորացնելով մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, կամք եւ վճռականություն են հաղորդում մեզ` պահպանելու եւ զարգացնելու սերունդների համատեղ պայքարով ձեռք բերածը, հզորացնելու մեր անկախ պետականությունը` արդի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու, մեր ժողովրդի առավել բարեկեցիկ վաղվա օրը կերտելու համար», - ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում:


Ռուզան Խաչատրյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG