Մատչելիության հղումներ

Amnesty International. «2007-ին Հայաստանում սահմանափակված էր խոսքի եւ հավաքների ազատությունը»


2007 թվականին Հայաստանում սահմանափակված էր հավաքների եւ խոսքի ազատությունը` արձանագրում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած զեկույցում:

«Ստացվել են հավաստի տեղեկություններ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելու մասին: Ընդդիմադիր կուսակցությունները հաղորդել են մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ օրինական ցույցերը խոչընդոտելու նպատակով վարչական բյուրոկրատիայի կողմից չարաշահումների մասին: Մայիսին եւ հոկտեմբերին ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիմադիր կուսակցությունների խաղաղ ցույցերը ցրելու համար», - ասված է զեկույցում:

«Հոկտեմբերին թերթերի խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը ձերբակալվեցին նախկին նախագահ, ընդդիմադիր Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների երթին մասնակցելուց հետո: Դեկտեմբերի 13-ին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան մոտ պայթյուն եղավ: Նույն ամսին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ հետապնդումներ սկսվեցին իշխանությունների կողմից, երբ այդ հեռուստաընկերությունը հեռարձակեց Տեր-Պետրոսյանի ելույթները` չնայած դա չանելու զգուշացումներին», - փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Amnesty International-ը հիշատակել է նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ դատական հետապնդումները` նշելով, որ դրանք սկսվել են, երբ Շամշյանը հաղորդել է Նուբարաշենի համայնքապետի շրջապատի կողմից հարձակման ենթարկվելու մասին:

Անդրադառնալով մայիսին ոստիկանության շենքում Lեւոն Գուլյանի մահվան դեպքին` իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ տուժածի հարազատները չեն ընդունում իշխանությունների վարկածը, ըստ որի` նա մահացել է պատուհանից փախչելու փորձ կատարելիս:

Կրոնի եւ համոզմունքների ազատության մասով Amnesty International-ը, մասնավորապես, փաստում է. - «Եհովայի վկաների» նկատմամբ ֆիզիկական հարձակումները չեն հետաքննվում, իսկ իրենց համոզմունքների համար զինծառայությունից հրաժարվողները շարունակում են բանտարկվել, քանի որ իշխանությունները չեն մտցնում իրական քաղաքացիական այլընտրանք զինծառայությանը»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG