Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ասել, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ի հասցնելով` ԱԺ-ի արդյունավետությունը կբարձրանա, կնշանակի պարզապետ ծաղրի ենթարկել ողջ հասարակությանը: Գործնականում մեր խորհրդարանում այդքան պատգամավորներ չկան, որոնք իրենց մտավոր մակարդակով կարողանան աշխատել 12 մշտական հանձնաժողովներում, ուստի դրանց արդյունավետությունը զրոյական է լինելու»:

«Ակնհայտ է, որ իշխանությունը իսկապես էլ շատ ավելի վախենում է ժողովրդի ցասումից, քան Եվրախորհրդից. պատրաստ են արհամարհել ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները, միայն թե խուսափեն համաժողովրդական միջոցառումներից: Եվ դա շատ լավ է: Դա նշանակում է, որ ժողովուրդը այլեւս ներքաղաքական հարցերը լուծող թիվ մեկ գործոնն է: Դա նշանակում է, որ շատ մոտ ապագայում ժողովուրդը իր իշխանությունն է ունենալու: Հասկանալի է, չէ՞, թե դա ի՞նչ է նշանակում: Եթե, օրինակ, մեկին նախագահ է կարգում «դուրսը», այդ մեկը հենց «դրսի» կամակատարն էլ դառնում է: Եթե նա նախագահ է կարգվում օլիգարխների շնորհիվ, նա ծառայում է օլիգարխներին: Եթե նախագահի պաշտոնը ստանձնում է Ռոբերտ Քոչարյանին պարտք մնալով, դառնում Քոչարյանի ձեռքի խաղալիքը: Իսկ այն իշխանությունը, որ կունենա ազգի մանդատը, կլինի ազգի կամակատար` ժողովրդի: Եվ ինքն էլ երջանիկ կլինի դրա համար»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Կարելի է համաձայնել ընտրությունների արդյունքների հետ, կարելի է չհամաձայնել, բայց իրողությունն այն է, որ այսօր նախագահականում նստած է ոչ թե Տեր-Պետրոսյանը, այլ Սերժ Սարգսյանը։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը այլեւս իրեն սպառել է, եւ հիմա պետք է ստեղծել նոր ընդդիմություն։ Դրա համար պետք է համակարգված աշխատել, ստեղծել մարզային կառույցներ, ֆինանսավորման աղբյուրներ գտնել եւ մասնակցել տեղական ընտրություններին՝ նույնիսկ եթե համոզված ես, որ պարտվելու ես։ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը դրան կարծես թե այնքան էլ պատրաստ չեն։ Վստահ չեմ, թե դա այն «մատերիալն» է, որից կարելի է կերտել ընդդիմությունը, ավելին՝ կասկածում եմ, թե այդ մարդիկ ուզում են, առավել եւս՝ ի վիճակի են դա անել»։

«Չնայած Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ սպասվող դատաքննությունները խիստ կհիասթափեցնեն Հայաստանի քաղաքացիներին, քանի որ այդ ընթացքում կպարզվի, թե ինչ հանցագործներ են ձերբակալված մարդիկ, այնուամենայնիվ, այս անգամ եւս նա սխալվեց», - գրում է «Չորրորդ իշխանություն» -ը: - «Հետեւելով մեր երկրում ընթացող դատական գործընթացներին, կարելի է վստահ ասել, որ մարդկանց գլխին պարզապես «գործ են սարքել», եւ այսօր էլ չեն կարողանում մեղադրական վախճանով ավարտել դրանք»:

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը «Առավոտ»-ում կարծիք է հայտնում. - «Ճակատագրի հեգնանքով Սերժ Սարգսյանն այսօր դարձել է պատասխանատուն նաեւ իր քաղաքական գլխավոր հակառակորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ձեւավորված կեղծիքների հրեշավոր երախի համար: Անշուշտ, այդ երախը բավականին գայթակղիչ է եղել, եւ այսօրվա նախագահն էլ իմունիտետ չի ունեցել դիմադրել այդ գայթակղությանը: Իսկապես, հանրապետության նախագահը իր կարգավիճակով միակ մարդն է, ով այսօր ցանկության դեպքում կարող է հարթել բազմաթիվ քարկապներով պրկված քաղաքական ճգնաժամը: Իսկ լուծման մեխանիզմը, իմ կարծիքով, մեկն է՝ 1-1.5 տարվա ընթացքում կազմակերպել եւ անցկացնել արտահերթ նախագահական, ապա՝ խորհրդարանական ընտրություններ՝ ապահովելով բոլոր մասնակիցների համար արդար եւ հավասար նախընտրական պայմաններ»:

«Ժանաման Երեւան»-ը այսօր շարունակում է հարցեր տալ մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված. - «Արդյո՞ք մարտի 1-ի առավոտյան նստացույցի մասնակիցներից եղել է ինչ-որ մեկը, ով կամավոր հանձնվել է ոստիկանությանը, թե՞ բոլոր բռնվածները ձերբակալվել են ուժի գործադրմամբ: Արդյո՞ք ցուցարարներին հնարավորություն տրվել է կամովին հանձնվելու: Արդյո՞ք մարտի 1-ի օպերացիայի հետեւանքով վիրավորվել են կանայք եւ երեխաներ, արդյո՞ք ճշտվել են նրանց անունները եւ արդյո՞ք նրանցից ցուցմունք վերցվել է, թե ինչ պայմաններում են նրանք վիրավորվել: Արդյո՞ք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը մաքրելուց հետո ցուցարարները հետապնդվել են ոստիկանների կողմից մինչեւ Կրկես, եւ արդյո՞ք այդ հետապնդումները ուղեկցվել են ոստիկանների կողմից ծեծով եւ ձերբակալություններով: Մարտիմեկյան օպերացիան ինչպե՞ս է գնահատվել իշխանությունների կողմից` որպես հաջողվա՞ծ, թե՞ անհաջող: Արդյո՞ք որեւէ արդարացման վճիռ կայացվել է մարտի 1-ին ձերբակալվածների դատական նիստերում, թե՞ բոլոր ձերբակալվածները պետական հանցագործներ են: Արդյո՞ք մարտի 1-ին սպանված ու վիրավորված քաղաքացիների ընտանիքները որեւէ օգնություն ստացել են իշխանությունների կողմից, թե՞ իշխանությունները համարում են, որ նրանք նույնպես պետական հանցագործներ են»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG