Մատչելիության հղումներ

Փարիզում կառուցվելիք երկնաքերը «կմրցի» Էյֆելյան աշտարակի հետ


«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ֆրանսիացի աշխարհահռչակ ճարտարապետ Ժան Նուվելի նախագծով Փարիզում կկառուցվի երկնաքեր, որն իր բարձրությամբ եւ ճարտարապետական նշանակությամբ կմրցի Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի հետ:

Երկնաքերը, որն արդեն անվանել են «Ազդանշանի աշտարակ», կառուցվելու է Փարիզի գործարար կյանքի կենտրոն Լա Դեֆանս թաղամասում:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, երկնաքերի կառուցումը կավարտվի 2014 թվականին: Այն կունենա 301 մետր բարձրություն` Էյֆելյան աշտարակից 23 մետրով ցածր, դրանում կտեղակայվեն հիմնարկներ, խանութներ, հյուրանոցներ, հանրային նշանակության հիմնարկներ եւ բնակարաններ: Ծրագիրը ֆինանսավորելու է Medea et Layetana ներդրումային ընկերությունը:

62-ամյա Նուվելի նախագծով են կառուցված Արաբական աշխարհի ինստիտուտի, Բրանլի առափնյակի թանգարանի շենքերը Փարիզում, շենքեր Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:

Լա Դեֆանս թաղամասի վերակառուցման ծրագրի շրջանակներում նախագծերից մեկի հեղինակը դառնալու համար պայքարում Նուվելի հետ մրցել են բրիտանացի Նորման Ֆոսթերը, ամերիկացի Դենիել Լիբեսքինդը, ով վերակառուցելու է Նյու 3որքի` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի գրոհից ավերված շրջանը, ֆրանսիացիներ Ժան-Միշել Վիլմոնը եւ Ժակ Ֆերիեն:

Լա Դեֆանս թաղամասի վերակառուցման ծրագրերը հաստատում է հանրային հանձնախումբը, որի ղեկավարը ծագումով հայ քաղաքական գործիչ, Ֆրանսիայի իշխող կուսակցության` «Ժողովրդական շարժում միավորման» գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանն է: Խոսելով Ժան Նուվելի նախագծի մասին` նա ասել է, որ «Ազդանշանի աշտարակը» կդառնա Էյֆելյան աշտարակից հետո կառուցված ամենակարեւոր ճարտարապետական կոթողը»:

«Նուվելի աշտարակը կլինի անգերազանցելի տեխնիկական առումով, դա կդառնա Մեծ Փարիզի ուրվագծվող պատկերի ամենահիմնական բաղադրիչներից մեկը», - ասել է Դեւեջյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG