Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ը «Նույն ջուրն է, նույն ջրաղացը» վերնագրի ներքո գրում է. - «Արդարադատության փակ շղթան ջարդել փորձող ՀՀ քաղաքացիները թեեւ ամեն օր դատարաններում մաքառում են արդարությունը վերականգնելու հույսով, բայց բախվում են կամայականության ու բթամտության երկշերտ պատին: Ամեն օր կրկնվում է նույն սցենարը, ձեռնաշղթաներով կամ առանց դրանց դատարանի դահլիճ են բերում հերթական «ամբաստանյալին», դահլիճում գտնվողները սկսում են վանկարկել «Ա’-զա’-տո’ւթ-յո’ւն», ծափահարել, բայց այդ ամենը չի շեղում կանխորոշված ընթացքը»:

«Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հպարտությամբ հայտարարեց, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում նախապատրաստվող օպերացիայի մասին ցուցարարներին ահազանգած ոստիկանը` Արմեն Նիկողոսյանը, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, որը պայմանական չի կիրառվել եւ սահմանվել է մեկ տարվա փորձաշրջան», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ըստ դատախազության, դեռեւս փետրվարի 29-ին` ժամը 24-ին, Նիկողոսյանն Ազատության հրապարակի ցուցարարներին զգուշացրել է լուսադեմի օպերացիայի մասին: Այսինքն, եթե ցուցարարների մոտ Ազատության հրապարակում իսկապես զենք, զինամթերք լիներ, ինչպես փորձում է ներկայացնել դատախազությունը, ապա վեց ժամը միանգամայն բավարար կլիներ նրանցից ազատվելու եւ իրավապահ մարմինների հետ խնդիրներ չունենալու համար: Սակայն իրականությունն այն է, որ ցուցարարները որեւէ կապ չեն ունեցել այն զենքի հետ, որ ցուցարարներին ջարդելուց հետո տեսախցիկների առաջ «հայտնաբերվում» էր Ազատության հրապարակում: Եվ սա Նիկողոսյանի դատավճռով ապացուցում է ինքը` դատախազությունը: Ինչ վերաբերում է զենքերի իրական «ծագմանը», ով ցանել է, նա էլ` հնձել»:

«Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը գրում է. - «Ամեն անգամ, երբ մասնակցում եմ մարտի 1-ի գործով դատավարություններին, ինձ համար սարսափելի է տեսնել, թե ինչի է վերածվել արդարադատություն իրականացնելու կոչված մարմինը իմ երկրում: Անձինք, ովքեր այդ իրավիճակի հեղինակն են, ինձ համար այս պետության թշնամի են. անձերը կապ չունեն` լինի դա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, թե այլ մեկը: Նման կերպ ստրկացնել արդարադատություն իրականացնող մարմիններին` ուղղակի հակապետական, հակազգային եւ հակահայկական է: Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել այն, ինչ կատարվում է այսօր դատարաններում: Եվ ինչո՞ւ միայն դատարաններում… Այսօր Հայաստանում համատարած խախտվում են ՀՀ քաղաքացու իրավունքները, եւ դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս, դատարաններում դատապարտվում են միայն ընդդիմության ներկայացուցիչները, անգամ պատահաբար Ազատության հրապարակի հարակից վայրերում հայտնված քաղաքացիները, իսկ նրանց նկատմամբ վայրագ գործողություններ կատարած ոստիկանները, սեւ դիմակավորները որեւէ կերպ պատասխանատվության չեն կանչվում»:

«Հիմա սրանք համաժողովրդական են խաղում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Մի տոկոս համախոհներ ունեցողն իրեն համաժողովրդական է հռչակում: Այո, ընդամենը մի տոկոս համախոհ, որովհետեւ մնացածը խաբված, սին հույսեր փայփայող, ատելությամբ կամ վրեժխնդրությամբ համակված «ընտրողների» զանգված է: Դատեք ինքներդ: Կարո՞ղ է հայության քսան տոկոսը համախոհը լինել մի մարդու, որը թրքասիրություն է քարոզում, իսկ հայերին իրար դեմ է հանում… Կամ հրապարակում հավաքվածներից ո՞ր մեկն է համախոհն այն ճառասանի, որն իր ժառանգին պահ է տալիս անդրօվկիանոսյան տերերին, իսկ հայերի զավակներին գցում է կրակը: Կամ գուցե հավատավոր վկանե՞րն են երախտապարտ նրան, որը իրենց հանեց բարիկադների վրա, իսկ սեփական մորթին փրկելու համար ոչ միայն թաքնվեց պարսպի հետեւում «տնային կալանք» հորինված ալիբիով, այլեւ ողբերգության հաջորդ օրը պարծեցավ, որ քնել է հանգիստ ու խորը: Եվ դա այն դեպքում, երբ նույնիսկ հայտնի իրադարձությունների հետ որեւէ առնչություն չունեցող մարդիկ մինչ օրս չեն կարողանում վերագտնել իրենց քունն ու հանգիստը»:

«1988-89 թվականներին Լեռնային Ղարաբաղ ժամանող որեւէ սփյուռքահայի չէին հարցնում, թե որ երկրի քաղաքացի է: Սփյուռքահայերից քաղաքացիություն չէին հարցնում նաեւ արցախյան պատերազմում նրանց մատուցած ծառայության համար պարգեւատրելիս եւ կոչումներ տալիս», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Այդ ժամանակ Սամվել Բաբայանի մտքով էլ չէր անցում, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին իր պարգեւատրած արտճանակը տարիներ հետո անօրինական է համարվելու եւ որպես մեղադրական ապացույց ընդգրկվելու է Սեֆիլյանին ազատազրկման դատապարտելու համար: Այսօր Սեֆիլյանին ազատազրկման դատապարտողները այն ժամանակ նույնիսկ մտովի չէին համարձակվի մտածել, թե Բաբայանի նվիրած զենքը կարող է անօրինական լինել: Իսկ այսօր այդ մտքի հետ համակարպվել է նաեւ Բաբայանը: Սամվել Բաբայանն ու արցախյան ազատամարտի մյուս հերոսները համակերպվել են ոչ միայն իրենց մարտական ընկերներին հերթով զոհաբերելու, նրանց քաղաքական հետապնդումների եւ անօրինական ազատազրկումների, այլեւ մարտի 1-ին սեփական ժողովրդի վրա զենք բարձրացնելու փաստի հետ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG