Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով այսօր փոխվել է Ազգային անվտանգության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, Արամ Կարապետյանը մայիսի 22-ին միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով փոփոխել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը, որպեսզի կարողանա շարունակել բժշկական հետազոտություններն ու ստանա անհրաժեշտ բուժումներ՝ միաժամանակ պարտավորվելով չթաքնվել քննությունից:

Կարապետյանը մայիսի լույս 16-ի գիշերը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, եւ նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, պրոգրեսիվող անկայուն ստենոկարդիա, արյան շրջանառության անբավարարության ֆունկցիոնալ դաս III-IV, զարկերակային հիպերտենզիա, երկրորդ ստադիա հիպերտոնիկ կրիզ, եւ բժիշկների կոնսիլիումն առաջարկել է շարունակել հիվանդի նկատմամբ կոնսերվատիվ թերապիան:

Արամ Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին, մասնավորապես, ասաց. - «Դատախազությունը դրսեւորեց բարի կամք, մեր կողմից ներկայացված միջնորդությունները վերջապես հարգվեցին, հաշվի առնվեց, որ Արամ Կարապետյանը ունի առողջության հետ կապված խնդիրներ, եւ նաեւ` Կարապետյանը նախկինում դատապարտված չի եղել, չունի արատավորված անցյալ, ունի մշտական բնակության վայր, ազատության մեջ գտնվելով չի թաքնվի քննությունից, եւ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը արդեն որպես այդպիսին վերացել է»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Կարապետյանը շարունակում է բուժվել «Էրեբունի» հիվանդանոցում. - «Լավանում է` այսպես ասենք: Հույս ունենք, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա»:

Հարություն Բաղդասարյանի կարծիքով` «դատախազությունը դրսեւորեց հումանիզմ». - «Ուզում ենք հասկանալ, որ իրականում Արամ Կարապետյանի արարքում չկար այդպիսի հանցակազմ, ինչպես ներկայացված էր, եւ դատախազությունը փորձում է այս քայլով դրսեւորել իր բարի կամքը: Քննությունը շարունակվում է, որպես այդպիսին` քննությունը դեռ ավարտված չէ, բայց, համենայն դեպս, անձին հնարավորություն են տվել բուժվելու»:

Արամ Կարապետյանը փետրվարի 24-ից նախնական կալանքում էր գտնվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա մեղադրվում է սուտ մատնության հոդվածով, որում իրեն մեղավոր չի ճանաչում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG