Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը Կիեւում է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ մեկնել է Կիեւ, որտեղ հանդիպելու է ուկրաինացի պաշտոնակից Վիկտոր Յուշչենկոյի հետ, ինչպես նաեւ մասնակցելու է էներգետիկ անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը նախատեսված է այսօր: Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ կքննարկվեն քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության հարցեր, բանակցությունների արդյունքներով կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լիտվայի եւ Լեհաստանի նախագահների նախաձեռնությամբ մայիսի 22-23-ը Կիեւում անցկացվելիք էներգետիկ անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու են 30 երկրների կառավարական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Գլոբալ էներգետիկ անվտանգության սկզբունքների մասին կիեւյան հռչակագիրը, Բալթիկ, Սեւ եւ Կասպից ծովերի տարանցիկ էներգետիկ միության ստեղծման հայեցակարգը, Օդեսա - Բրոդի նավթատարի հիման վրա նավթի փոխադրման եվրասիական միջանցքի նախագծի իրականացման հետ կապված առաջիկա միջոցառումների մասին փաստաթուղթը եւ այլ փաստաթղթեր:

Կիեւյան գագաթնաժողովը շարունակությունն է Կրակովում եւ Վիլնյուսում անցկացված համանման համաժողովների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG