Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը խիստ քննադատության է ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին


Երեկ Երեւանում բացված Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովի իր ելույթում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Խոսելով անցած նախագահական ընտրությունների մասին` Մարգարյանը զուգահեռներ անցկացրեց 1996-ի եւ 2008-ի նախագահական ընտրությունների միջեւ եւ նշեց, որ «երկու դեպքում էլ արյունալի բախումներ են եղել»:

«Տասը տարվա լռությունից հետո ասպարեզ եկավ մի մարդ, որի իշխած տարիները, եթե հիշում է ժողովուրդը, ապա` միայն ատելությամբ», - ՀՅԴ-ի համագումարի ամբիոնից հայտարարեց Մարգարյանը: - «Պարզվեց` նա չի եկել ծրագրային-գաղափարական պայքար մղելու: Իր շուրջը համախմբելով անգլուխ մնացած ընդդիմադիր զանգվածը` նա այնպիսի մթնոլորտ ստեղծեց, ուր պայքարի բարոյական նորմերը իրենց տեղը զիջեցին կազմաքանդելուն, հայհոյանքին, ատելությանն ու ամբոխավարությանը»:

ՀՅԴ-ի բյուրոյի ներկայացուցչի գնահատմամբ` երկրում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխության» փորձ էր` օտարի պատվերով. - «Մեր քթի տակ ձեւավորվել է կազմակերպված մի մեխանիզմ կամ, ինչպես սիրում են իրենք ասել, ցանց` նման այլ պետություններին` Վրաստանին, Սերբիային եւ Ուկրաինային: Ձեւավորվել է օտարի պատվերով գծած պատկերով եւ ֆինանսներով: Ցանցը ձեւավորեց օտարը, ցանցի վրա դրվեց, հագցվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուն: Եվ նա ինքնադրվեց` հաճույքով»:

Գունավոր հեղափոխությունը, սակայն, «նախատեսված արդյունքը չունեցավ», եւ «հույսը դրվեց բանակի վրա». - «Իրենց թեկնածուն ավելի շատ դեմ քվե ուներ, քան կողմ: Բայց նախկինը պայքարի միայն խաղաղ միջոցների չէր ապավինում: Նրա ծրագիրը ավարտված չէր, եւ երբ ընտրության օրը սպասված քվեն չունեցավ, հույսը դրեց Երկրապահի, բանակի վրա: Ամեն օր ազատության հրապարակում վանկարկեց գեներալների անունները... Ինչո՞ւ էր հիշել գեներալներին, ի՞նչ ծրագիր էր իրականացնելու նրանցով: Մարդ, որ ելել էր սահմանադրական պայքարի, ի՞նչ էր ուզում անել բանակով կամ զինված խմբավորումներով»:

«Երբ այս հույսն էլ ի դերեւ ելավ, մնում էր նվազագույնը` այն, որ կարող էր օտար ուժերի շարունակական միջամտության առիթ դառնալ», - շարունակեց Հրանտ Մարգարյանը: - «Եվ պատահեց մարտի 1-ի ողբերգական ու ամոթալի օրը: Մարտի 1-ը ձեռնտու չէր ո’չ երկրին, ո’չ ժողովրդին, ո’չ էլ իշխանությանը: Ձեռնտու էր միայն նրան [Տեր-Պետրոսյանին], ու, ցավոք, նա ստացավ այն: Այս մասին պիտի խորհեն դեռեւս նրան հավատացողները: Մարտի 1-ին իշխանությունները պատրաստ չէին, ընդդիմությունը պատրաստ էր... Առճակատումը ձեռնտու էր միայն օտար ուժերին, մեկ էլ` իր ժողովուրդն ու երկիրը չսիրողին կամ նրա շահը չգիտակցողին: Այդ արյունն ու առճակատումը արտաքին միջամտության դուռ բացեց, թուլացրեց մեր պետությունը»:

Նրա գնահատմամբ` երկրում ստեղծվել էր երկու բեւեռ. - «Մեկում այդ տեսակ ընդդիմությունն էր, որը հենված էր ու շարունակում է հենված լինել օտար ուժի վրա, եւ որի քաղաքական նպատակը նույնիսկ իշխանությունը չէր. կարծես Ղարաբաղի հարցից ձերբազատվելն էր»: Իսկ մյուս բեւեռում, ըստ Հրանտ Մարգարյանի, «հաղթած կողմն էր», որը, թեեւ «մաքուր ընտրությամբ» չէր նվաճել հաղթանակը, բայց ո’չ Դաշնակցությունը եւ ո’չ էլ միջազգային հանրությունը չեն վիճարկել այդ հաղթանակը:

Մարգարյանի խոսքով` հաշվի առնելով Հայաստանի վրա գործադրվող «արտաքին ճնշումները», Դաշնակցությունը ստորագրեց քաղաքական համաձայնագիր եւ կոալիցիայի մաս կազմեց. - «Արտաքին ճնշումները նոր թափ են ստացել, նրանք ներքին ճակատում ձեւավորել են ուժ կամ ցանց` բերդը ներսից գրավելու: Քանի դեռ վտանգը չի անցել, հասկանալի է կոալիցիայի մեջ մեր լինելը: Բայց կոալիցիայի տեւականությունը պայմանավորված է հստակ առաջադրանքներով: Եվ մենք ժամանակ առ ժամանակ գնահատելու ենք համագործակցության արդյունքները»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG