Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Ուշացած, բայց հրատապ քննարկում» վերնագրի ներքո գրում է. - «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին` հրավիրելով այսօր ՌԱՀՀԿ-ում «ուշացած, բայց հրատապ քննարկման»` ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունների շուրջ»:

Նույն թերթը տեղեկացնում է նաեւ, որ «Ժառանգության» համագումարը հետաձգվել է. - «Ժառանգություն» կուսակցության վարչության մայիսի 17-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունվել հետաձգել մայիսի 30-ին նախատեսված համագումարը շուրջ մեկ ամսով: Մայիսի 30-ին տեղի կունենա կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ: «ԱրմԻնֆո»-ի տվյալներով` համագումարը հետաձգելու որոշումը պայմանավորված է հետեւյալ պատճառով` «Ժառանգություն»-ը ցանկանում է համագումար անցկացնել հիմնական քաղաքական ուժերի միջեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հնարավոր խորհրդակցություններից հետո»:

«168 ժամ»-ը «Վտանգը մեծ է» վերնագրի ներքո գրում է. - «Հայաստանի նկատմամբ միջազգային կառույցների դիրքորոշումը բավական կոշտ է: Մեր թղթակից հետ զրույցում երեկ նման գնահատական է տվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով անցած երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում եւ Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ու եվրոպական կառույցների ղեկավարների հետ: Հարցին` հնարավո՞ր է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, զրկվի ԵԽԽՎ-ում քվեարկելու իրավունքից, Արմեն Հարությունյանը պատասխանել է. - «Կոնկրետ Ագոյի խմբի ղեկավարն ինձ ուղիղ տեքստով ասաց, որ եթե այս ձեւով շարունակվի ու կալանավորված մարդիկ ազատ չարձակվեն` Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների ցանկում, որտեղ քաղբանտարկյալներ կան: Արդեն դուք որոշեք` ինչքանով է մեծ այդ վտանգը, ինչքանով` ոչ... Այսինքն` շատ կոնկրետ բան է ասվել մեզ: Եվ, այո, ես այդ հանդիպումներից հասկացա, որ, իրոք, այդ վտանգը շատ մեծ է»:

«Ազգ»-ը գրում է. - «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը կհրապարակի հրամանագիր Սամվել Ֆարմանյանին իր մամուլի քարտուղար նշանակելու մասին: Վերջինս այս պաշտոնում կփոխարինի Վիկտոր Սողոմոնյանին, որը, ըստ «Ազգ»-ի տեղեկությունների, կզբաղեցնի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը կարծիք է հայտնում. - «Իշխանության ներկայացուցիչների վերջին շրջանի սիրված թեմաներից է «ատելության մթնոլորտը», որը, նրանց կարծիքով, ստեղծվել է Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալուց հետո: Նախ՝ դժվար է պատկերացնել ընդդիմության հազարավոր կողմնակիցներին եւ պատահական անցորդներին, որոնց վրա մարտի 1-2-ին հարձակվել են ոստիկանական ուժերը, ծեծել-ջարդել, կրակել են, էլեկտրաշոկ կիրառել եւ այլն, առանց որեւէ հիմքի տարել են քաղմասներ, եւ այսքանից հետո այդ բոլոր քաղաքացիները պիտի անհուն սիրո՞վ լցված լինեն իշխանությունների նկատմամբ: Պակաս էական չէ նաեւ այն, որ «ատելության մթնոլորտի» անընդունելիության մասին կարող են խոսել նրանք, ովքեր 10 տարի շարունակ սիրո, հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ են սփռել Հայաստանով մեկ: Երկրի ներկայիս իշխանավորները հաստատ նման մարդկանց շարքից չեն»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մեղսունակ ընդդիմություն Հայաստանին հույժ անհրաժեշտ է, եւ այդուհանդերձ անչափ կցանկանայիք ողջ մնալ մինչեւ այն օրը, երբ այդ բառը կդադարի զուգորդվել Տեր-Պետրոսյանի, Սահակյանի, Դեմիրճյանի ու նմանների անվան հետ։ Իշխանությունն ի վիճակի չէ դա անել, մեղսունակություն կարող է ձեռք բերել միայն ինքը՝ ընդդիմությունը։ Ցավոք, այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մեղսունակությունը, պատասխանատվությունն ու կառուցողականությունը, ընդդիմադիր ճամբարում առայժմ բավական հազվադեպ են հանդիպում»։

«Եվրախորհրդի խորհրդարանական վերհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել այն ձերբակալվածներին, որոնք անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն ու կալանավորվել են առերեւույթ արհեստական մեղադրանքներով: «Անհապաղ» նշանակում է, որ նրանք վաղուց պետք է ազատության մեջ լինեին», - գրում է «Տարեգիր»-ը: - «Բայց արի ու տես, որ վերջին շաբաթների ընթացքում հայկական «անկախ» դատարանները ձերբակալվածների մեծ մասին կալանքի մեջ պահելու վճիռները երկարաձգեցին երկու ամսով, այնպես որ, նրանք հուլիսից շուտ ազատ չեն արձակվի»: «Մյուս կարեւորագույն պահանջը մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի քննությունն է», - շարունակում է թերթը - «Այն, որ այդ քննությունը բնավ թափանցիկ ու վստահելի չէ, արդեն պարզ է: Ինչ վերաբերում է անկախությանը, ապա Հայաստանում «անկախ» հետաքննություն իրականացնելու ունակ մարմին պարզապես գոյություն չունի»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հասարակ ժողովրդի մեջ կարծիք է շրջում, որ Սերժ Սարգսյանը չէր ցանկանա իշխանության գալ այս ձեւով եւ իրեն շատ վատ է զգում: Հնարավոր է նույնիսկ ինքնակամ հրաժարվի պաշտոնից: Սակայն պետք չէ հավատալ արտաքին դրսեւորումներին ու սեփական աչքերին, երբ հարցը վերաբերում է իշխանությունը պահելու` մեր ղեկավարների աննկուն կամքին: Բանն այն է, որ նախկինում շատ անգամ նման իրավիճակներում հայտնվելով` մեր իշխանությունները, թվացել է, ուր որ է պիտի տեղի տան, սակայն շատ կարճ ժամանակում նրանց հաջողվել է ոչ միայն վերստանալ նախկին վստահությունը, այլեւ ամրապնդել սեփական դիրքերը… Փաստերը գալիս են ապացուցելու, որ այս իշխանություններին նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում հաջողվում է հաղթահարել դժվարությունները եւ ոտքի կանգնել: Այնպես որ, ժողովուրդը չպիտի նրանց ժամանակ տա հետագա քայլերը կշռադատելու համար… Ամառվանից ավելի թեժ ժամանակ Հայաստանում չի լինում»:

World Database of Happiness («Երջանկության մասին տվյալների համաշխարհային բազա») ինտերներ-պորտալը, ինչպես փոխանցում «Հայք»-ը, շուրջ 95 պետություններում իրականացված հետազոտություններից հետո պարզել է, որ Հայաստանի քաղաքացիները երջանիկ չեն, ավելին` դժբախտ են: Հայաստանը երջանիկների շարքում զբաղեցնում է վերջից հինգերորդ տեղը: Ըստ անցկացված հետազոտությունների` ամենաերջանիկ մարդիկ ապրում են Դանիայում: Առաջին տասնյակում են նաեւ Շվեյցարիան, Ավստրիան, Իսլանդիան եւ այլ երկրներ: «Ավելորդ չէ նշել, որ այս երկրներում չեն կեղծվում ընտրությունների արդյունքները, մարդկանց փողոցում չեն գնդակահարում բողոքի ցույցի մասնակցելու համար կամ ազատությունից չեն զրկում այլախոհության համար: Ավելին, այս երկրներում շաքարավազ ներկրում է ով ցանկանում է եւ ոչ թե ինչ-որ օլիգարխ, բացի այդ, շուկայում գները մեկ օրում չեն եռապատկվում, իսկ ոստիկաններն էլ մարդկանց պաշտպանում են հանցագործներից, եւ ոչ թե կատարում են ապօրինի իշխանությունների ապօրինի հրամանները», - գրում է թերթը: - ««Առաջ Հայաստան» վանկարկողները իրենց կարող են մխիթարել, որ ցուցակում Հայաստանը դեռեւս առաջ է Ուկրաինայից, Մոլդովայից, Զիմբաբվեից եւ Տանզանիայից»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG