Մատչելիության հղումներ

Զանգվածային միջոցառումների մասին օրենքի փոփոխությունները ընդունվեցին առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը, որը հեղինակել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ եվրոպացի փորձագետների հետ միասին: Օրինագծին կողմ քվեարկեց 93, դեմ` 6, ձեռնպահ` մեկ պատգամավոր:

Խորհրդարանն իր հերթական քառօրյայի երեկվա նիստը գրեթե ամբողջությամբ նվիրեց այդ նախագծի քննարկմանը:

Այս փոփոխություններով, օրինակ, զանգվածային միջոցառումն արգելելու համար պետք է համապատասխան մարմիններից հիմնավորված հավաստի տվյալներ ստացվեն, որ միջոցառումը սպառնում է պետական կարգին կամ անվտանգությանը, այլոց անվտանգությանը եւ այլն: Արգելքի որոշումը կարող է բողոքարկվել, դատարանն այն քննում ու վճիռ է կայացնում 24 ժամում:

Նախագծով նաեւ հանվում է մարտին ընդունված դրույթը, որ զանգվածային միջոցառմանը զոհեր լինելու դեպքում միառժամանակ կարող են արգելվել այդպիսիք: Վերականգնվում է մարտյան լրամշակման ժամանակ մայր օրենքից հանված «ինքնաբուխ հանրահավաք» հասկացությունը, բայց այն 6 ժամից ավելի տեւել չի կարող, շարունակվելու դեպքում արդեն իրազեկման կարգն է գործում:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ մի նրբություն կա. հանձնաժողովի փորձագետները, այնուհանդերձ, ուշադրություն են հրավիրում, որ ինքնաբուխ հանրահավաք կազմակերպելը չպետք է համարվի միջոց՝ իշխանություններին իրազեկելու պահանջը շրջանցելու համար:

«Ժառանգություն» խմբակցությունը պնդում է, որ մայր օրենքում չեղյալ համարել այն վերին աստիճանի իրավիճակային եւ իրավունքները սահմանափակող նորմերը», - քննարկման ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Խմբակցության բոլոր 7 պատգամավորները դեմ են քվեարկելու օրինագծին:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու: «Որովհետեւ», - փաստարկեց նա, - «մարտի 17-ին մենք կատարեցինք ակնհայտ հետքայլ... Այն, ինչ մենք անում ենք հիմա, մենք ընդամենը կես կամ երեք քառորդ քայլով վերադառնում ենք այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ մինչեւ մարտի 17-ը»:

Հանրապետական խմբակցության անունից նախագծին կողմ արտահայտվեց նաեւ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը:

Նախագծի երկրորդ եւ ամբողջովին ընթերցումը կկազմակերպվի հունիսի սկզբին` այս նստաշրջանի վերջին քառօրյայում:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG