Մատչելիության հղումներ

Ալբերտ Բազեյան. «Ընդդիմության դոմինանտ թեկնածուն վստահություն չէր ներշնչում»


Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Երեւանի նախկին քաղաքապետ, «Երկրապահ» կամավորականների միության նախկին ղեկավար անդամ Ալբերտ Բազեյանը չի ողջունում հետընտրական շրջանում իշխանությունների քայլերը, թեեւ ընդդիմության կողմնակիցն էլ չէ:

Լրագրողների հետ հանդիպմանը այսօր, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Բազեյանը ասաց, որ իր համար հատկապես անընդունելի են «ձերբակալությունները, համընդհանուր քրեական գործերի հարուցումը, փնտրտուքը ձերբակալված անձանց շրջապատում»:

Ընդդիմության գործողություններում Բազեյանի համար ողջունելի է «պայքարի ոգին». - «Շատ մարդիկ ընդդիմության հետ են եղել զուտ նրա համար, որ այս մարդիկ [ընդդիմադիրները], ի վերջո, պայքարում են կեղծիքների [դեմ], եւ այլն, եւ այլն»:

Իսկ հարցին, թե ինքն ինչու չմիացավ այդ պայքարին, Բազեյանը արձագանքեց. - «Մենք չեն կիսել որոշակի գաղափարներ, մոտեցումներ, եւ վստահություն էլ չի ներշնչել մեզ ընդդիմության դոմինանտ թեկնածուն, որ այն, ինչ հայտարարում է, ինքը կիրագործի գործնականում»:

Բազեյանը իշխանություններին կոչ արեց ազատ արձակել հետընտրական շրջանում «քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին». - «Կարող են լինել առանձին դեպքեր, որ, ասենք, որեւէ մեկը օրինազանցություն է կատարել, բայց ակնհայտ է, որ այս բոլոր ձերբակալությունները կատարվել են քաղաքական գործընթացների արդյունքում, այդ մարդկանց հանրահավաքներին մասնակցության եւ այլնի արդյունքում»:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG