Մատչելիության հղումներ

Երեւանի մամուլի ակումբը պահանջում է պատժել գրաքննության նախաձեռնողներին


Երեւանի մամուլի ակումբն այսօր պահանջել է հայտնաբերել եւ պատժել այն անձանց, ովքեր արտակարգ դրության ժամանակ գրաքննություն էին նախաձեռնել լրատվամիջոցների նկատմամբ:

«Մենք պահանջում ենք մարտի 1-ի դեպքերի ու դրան հաջորդած իրադարձությունների անկախ հետաքննություն, որը պետք է իրականացվի ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւի համաձայն, ներառի նաեւ ուսումնասիրություն, թե ովքեր, ում հրահանգով եւ ինչ իրավական հիմքով էին անցկացնում նախնական գրաքննություն, եւ պատասխանատուները պատժի ենթարկվեն ՀՀ օրենքներով»,֊ - ասված է ակումբի այսօրվա հայտարարության մեջ:

Փաստաթղթի հեղինակները պահանջել են նաեւ «դադարեցնել այլակարծության համար հետապնդումները լրատվամիջոցների նկատմամբ` ինչ պատրվակով էլ որ դա իրականացվի»:

Ակումբը խստորեն քննադատել է Հանրային հեռուստատեսության ղեկավարներին:

«Անցած մեկ տարվա ընթացքում առավել ակնհայտ է արտահայտվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության` իր կարգավիճակին ու առաքելությանը չհամապատասխանող գործունեությունը: 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում այս հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերը ներկայացնում էին միակողմանի տեղեկատվություն եւ չէին պահպանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` քաղաքական բազմակարծություն ապահովելու պահանջը: Ավելին, իր գործունեությամբ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չէր նպաստում ազգային համաձայնությանը, այլեւ, ընդհակառակը, փոխադարձ ատելություն էր բորբոքում: Նույն ոճով էր այն աշխատում նաեւ հետընտրական շրջանում»,֊ - ասված է հայտարարության մեջ:

«Օրենսդրության, հանրային հեռարձակման չափանիշների, պրոֆեսիոնալ նորմերի խախտման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վրա: Մենք համարում ենք, որ Խորհուրդում, օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում, պետք է հավասարապես ներկայացված լինեն ինչպես իշխող քաղաքական ուժերի, այնպես էլ ընդդիմության առաջարկած մասնագետները», - գտնում է Երեւանի մամուլի ակումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG