Մատչելիության հղումներ

Համախմբվել են Երեւանի 11 ոչ պետական բուհերի ուսանողները


«Մեր համագործակցության նպատակն է՝ նպաստել ոչ պետական բուհերի ուսանողական կառույցների խնդիրների վերհանմանը», - այսօր հայտնեցին միության անդամները:

Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողական խորհրդի եւ նորաստեղծ միության նախագահ Արմինե Բարսեղյանի խոսքով, իրենց խնդիրները բազմաթիվ են, սակայն առաջնային հարցը մնում է աշխատանքը, քանի որ իրենց դիպլոմների նկատմամբ գործատուները վերապահումներ ունեն:

«Շատ հաճախ մենք գործազուրկ ենք մնում: Մեզ հիմնականում մերժում են պետական համակարգում, նույնիսկ դիմել ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Նա ասաց, թե այլեւս չկա պետական եւ ոչ պետական բուհ հասկացություն: Սակայն խոսքերից բացի, ոչինչ չենք տեսել», - հավելեց Արմինե Բարսեղյանը:

Արմինեն նշում է, որ չկա համագործակցություն իրենց եւ պետական բուհերի ուսանողական խորհուրդների միջեւ: Նա դժգոհ է նաեւ պետության վերաբերմունքից, քանի որ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, փառատոններ, գիտաժողովներ եւ հրավիրվում են միայն պետական բուհերի ուսանողները:

Երեւանի գյուղատնտեսական համալսարանի ուսխորհրդի նախաgահ Գաgիկ Ծատինյանն էլ հիշեցրեց «ՀՀ կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետը:

«Այստեղ նշված է, որ պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կողմից տրվող ավարտական փաստաթղթերը իրավահավասար են, բայց դա միայն մնացել է թղթի վրա», - ասաց Գագիկ Ծատինյանը:

Նորաստեղծ միության առաջին քայլը կլինի հանդիպումը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ: Այն նախատեսված է մայիսի 29-ին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG