Մատչելիության հղումներ

Ժպիտի կիլոմետրեր՝ ողջ աշխարհով


Ալվարո Նեյլը ծաղրածու է` թերեւս, աշխարհի ամենազարմանալի եւ յուրօրինակ ծաղրածուն հեծանվով: Նա ճանապարհորդում է աշխարհով մեկ իր հեծանվով եւ անվճար ներկայացումներ տալիս երեխաների համար:

Իսպանացի ծաղրածուն իր ճանապարհորդությունը սկսել է 2004 թվականին Աֆրիկայից: 3 տարում շրջելով ողջ Աֆրիկան, կանգ է առել Կահիրեում, որտեղ գիրք է գրել Աֆրիկայի իր ճանապարհորդության մասին, որը կոչվում է «Miles of smiles»` «Ժպիտի մղոններ»:

Այնուհետեւ շարունակել է ճանապարհը դեպի Հորդանան, Պաղեստին, Իսրայել, Սիրիա, Լիբանան, Թուրքիա, Կիպրոս, Վրաստան, Հայաստան: Այնուհետեւ, կրկին Վրաստանով, Ալվարոն գնալու է Ասիա` Ղրղըզստան, Տաջիկստան, Մոնղոլիա, Տիբեթ:

«Հավանաբար, կանգ կառնեմ Չինաստանում եւ կգրեմ եւս մեկ գիրք` Ասիայի իմ ճանապարհորդության մասին», - ասում է Ալվարոն:

Մինչեւ 2014 թվականը Ալվարո Նեյլը շրջելու է 5 մայրցամաքներով: Ասիայից գնալու է Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հյուսիսիային եւ Հարավային Ամերիկա եւ վերադառնալու է Եվրոպա:

Մինչեւ հեծանվով ճանապարհորդող ծաղրածու դառնալը Ալվարո Նեյլը 5 տարի աշխատել է որպես իրավաբան, սակայն որոշել է թողնել է ամեն ինչ եւ իրականություն դարձնել իր երազանքը:

«Ես մտածեցի` կյանքը շատ կարճ է, եւ ես ունեի մի երազանք` տեսնել աշխարհը իմ աչքերով, այլ ոչ թե հեռուստացույցով: Ես որոշեցի վերցնել հեծանիվս եւ ծաղրածուի իմ պարագաներով ճամփորդել աշխարհով մեկ»:

Երբ հարցնում ես Ալվարոյին, թե ո՞ր երկիրն է իրեն ամենից շատ է դուր եկել, նա պատասխանում է` հաջորդը…


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG