Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Լարվածությունը թուլացնելու միակ ձեւը արտահերթ ընտրություններն են»


Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Համաժողովրդական շարժման գրասենյակի խոսնակ Արման Մուսինյանը երկուշաբթի օրը հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության, որը, ըստ Մուսինյանի` «մեկ ճանապարհ ունի»:

«Երկխոսությունը մեկ ճանապարհ ունի. երկիրը վերադարձնել քաղաքական պրոցեսների հուն, փորձել թուլացնել տիրող հասարակական լարվածությունը, որի միակ ձեւը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արման Մուսինյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանություններն այսօր որեւէ «ռեալ քայլ չեն ձեռնարկում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ:

«Ապրիլի 17-ից հետո, երբ ընդունվեց բանաձեւը, 7 մարդ ձերբակալվել, կալանավորվել է», - ասաց նա: - «Այսինքն` ոչ միայն չեն դադարեցվել քաղաքական հետապնդումները, ավելին` շարունակվել են: Հատկապես Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսից հետո նոր թափ են հավաքել քաղաքացիների նկատմամբ բռնություններն ու ռեպրեսիաները… Կանչվում են այն քաղաքացիները, ովքեր գումար են մուծել Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին»:

Մուսինյանի եզրահանգմամբ` իշխանությունը «բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ահաբեկել ընդդիմությանը»:

Ի պատասխան իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մասին հարցին, Մուսինյանը ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը «դեռ մարտի 4-ին Սահմանադրական դատարանում հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության». - «Տվել ենք մեր համաձայնությունը որոշակի պայմանների իրագործման դեպքում գնալ երկխոսության: Եվ այդ պայմանները մենք չենք առաջադրել. նույն ԵԽԽՎ-ն երեք նախապայման առաջ քաշեց»:

Մուսինյանը ասաց, որ պայքարը շարունակելու են օրինական ճանապարհով` «հանրահավաքներ, երթեր, ցույցեր ենք անելու»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այս իշխանությունը չի կարող մարտի 1-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողով ստեղծել` հավելելով, որ նման մարմին կարող է ձեւավորվել միայն իշխանափոխությունից հետո. - «Մինչեւ այսօր ցույց տվեք ինձ դատախազության, ԱԱԾ-ի, ոստիկանության, ի վերջո քաղաքական իշխանության կողմից մեկ ռեալ քայլ… Կա տասը զոհ, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել: Որտե՞ղ են սպանվել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են հետախուզվում… Խանութներ են հրկիզվել, [բայց] առանձին գործեր չկան հարուցված: Որեւէ ռեալ քայլ այս իշխանությունները այդ ուղղությամբ չեն արել: Մենք ո՞նց վստահություն ունենանք, որ այս իշխանություններին հանձնարարելով մարտի 1-ի դեպքերի քննությունը, մենք կստանանք անաչառ պատասխան»:

Նա հավելեց, թե այդ նույն մարմինը «կքննի նաեւ Պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի մեղքի բաժինը. - «Գրիգորի Սարկիսյանը մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին փաստացի զրկել է ազատությունից` նրան պահելով տնային կալանքի տակ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG