Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ընդունում են, որ ամենաողբերգական բանը, որը տեղի է ունեցել մարտի 1-2-ին, մարդկային զոհերն էին: Եվ դա շատ բնական է. ցանկացած առողջ, նորմալ անձնավորության համար մարդկային կյանքը ամենաթանկ բանն է, իսկ կյանքից զրկելը` ամենասարսափելի հանցագործությունը: Բայց արի ու տես, մեր իրավապահները այս երկուսուկես ամսվա ընթացքում զբաղվում են ամեն ինչով, բացի այդ հանցագործությունները բացահայտելուց: Դատվում են, կալանավորվում են, բերման են ենթարկվում հազարավոր մարդիկ` զանազան պատճառաբանություններով եւ ամենատարբեր «մեղքերի» համար. մեկը ձեռքին փայտ էր բռնել, մյուսը հանրահավաքում, իշխանությունների կարծիքով, «սխալ բաներ» էր խոսել, երրորդը տանը 30 հատ փամփուշտ ուներ, չորրորդը հանդգնություն էր ունեցել փող փոխանցել Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին, հինգերորդը «դիմադրել էր» մահակներով եւ էլեկտրաշոկով զինված ոստիկաններին եւ այլն, եւ այլն: Սակայն 45 օրվա ընթացքում դատախազության հատուկ քննչական խումբը չի հայտարարել. - «Ահա այս մարդը [կամ այս ոստիկանը] կրակել էր ահա այս քաղաքացու վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է: Իսկ ահա այս պաշտոնատար անձը հրաման է արձակել կրակել քաղաքացիների վրա»:

«168 ժամ». - «Մեր երկրի նախագահները չեն խնայում միմյանց` ընդ որում, մեկը մյուսին մեղադրանքների շարան ներկայացնելիս գերադասում է լինել նրանից առնվազն մի քանի մղոն հեռավորության վրա, այսինքն` առանց մյուսին արագ արձագանքի հնարավորություն տալու: Նման դեպքում հասարակությունը հայտնվում է այն մարդու վիճակում, ով երեխայի հետ օրը ցերեկով զբոսնելիս` այգում հանդիպում է միմյանց հայհոյող տղամարդկանց ու այդ տեսարանից, այդ մարդկանց փոխարեն ինքն է սկսում ամաչել իր երեխայից: Եթե Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը երկրորդին, ապա եւ` երրորդին մեղադրում է բավական ծանրակշիռ հանցանքներում` նրանցից ստանալով նույնանման ծանր մեղադրանքներ, եւ եթե այդ մեղադրանքները մնում են օդում` առանց իրավական հետեւանքների, այդպիսով անհասկանալի վիճակում է հայտնվում ընտրությունից ընտրություն զարմացած ու հուսահատված հասարակությունը»:

«Չորրորդ իշխանություն». - «Եվ այնուամենայնիվ ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ գլխավոր դատախազն իրավացի էր: Մարտի 1-ից հետո Հայաստանում իսկապես «զանգվածային հոգեխանգարմունքի» երեւույթներ են նկատվում: Ռեժիմի գործողություններն այլ կերպ բացատրել հնարավոր չէ: Ի դեպ, մի քանի օր առաջ ՀՀԿ-ի կրծքանշանով մի քանի ջիպավորներ ավերել էին Խաչատուր Սուքիասյանի կառուցած մանկական խաղահրապարակը, ու այդ առթիվ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե «ոչ մի բանական մարդ» իրեն այդպիսի բարբարոսություն թույլ չի տա: Ներողություն, բայց ո՞վ է ասում, որ դա բանական մարդիկ են արել: Դա արել են ռեժիմի նվիրյալները»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Ըստ էության, Տեր-Պետրոսյանի թիմը հետեւյալն է ասում. չե՞ք ուզում, որ զանգվածային անկարգություններ լինեն, հնարավորություն ստեղծեք, որ մենք էլ գանք պառլամենտ։ Մեզ համար սա անընդունելի մոտեցում է։ Եթե ընտրությունները նորմալ են անցել եւ դիտորդների կողմից էլ դրական են գնահատվել, ի՞նչն է խնդիրը՝ որ անպայման ինչ-որ ուժեր լինեն խորհրդարանո՞ւմ։ Մի քանի տարի է մնացել՝ ընդդիմախոսներին պատերազմ հայտարարելու փոխարեն թող այսօրվանից աշխատեն, որ վաղը իրենք էլ լինեն խորհրդարանում։ Ուզում են իրենց դղյակներում ապահով նստել, ոչինչ չանել եւ խոսքի զորությամբ գալ իշխանությա՞ն՝ առանց ծրագրերի, առանց սկզբունքների։ Մինչեւ հիմա երկու բան է ասել Տեր-Պետրոսյանը՝ ավազակապետությունը «կազմալուծել-կազմաքանդել»։ Երկրորդ՝ Ադրբեջանի դիրքերն ամրապնդվել են, գնանք՝ ծնկի իջնենք նրանց առաջ եւ հարեւանություն անենք։ Սա է ընդամենը։ Այդ մոտեցումներով որեւէ քաղաքական ուժ չի կարող գալ իշխանության»։

«Հրապարակ». - «Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին աննախադեպ միջոցառում էր իրականացրել` կալանավորելով կաշառք վերցրած մի դասախոսի` ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Մատինյանին: Կոռուպցիայի դեմ պայքարը շոուի վերածած իրավապահները, չգիտես ինչու, նկարահանել էին ողջ «օպերացիան» եւ Հ1-ով` ի տես ողջ աշխարհի, ցուցադրել: Թողնենք այն, որ մարդու մեղքը դեռ ապացուցված չէ, եւ նա կարող է մեղավոր ճանաչվել միայն դատարանի վճռով: Բայց չէ՞ որ մարդը հարազատներ ունի, երեխաներ: Վերջապես` իրավունք ունի չցանկանալ, որ իրեն նկարահանեն ու ողջ հանրապետությունով մեկ խայտառակեն»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG