Մատչելիության հղումներ

Էլիզաբեթ երկրորդը մեկնում է Թուրքիա


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ քառօրյա պետական այցով մեկնում է Թուրքիա: DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դա արքայական զույգի առաջին այցն է Թուրքիա 1971 թվականից ի վեր:

Էլիզաբեթ երկրորդն ու Ֆիլիպը Թուրքիա են մեկնում նախագահ Աբդուլա Գյուլի հրավերով:

82-ամյա թագուհին եւ 86-ամյա դուքսը այսօր Անկարայում կայցելեն Թուրքիայի աշխարհիկ հանրապետության հիմնադիր-նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարան եւ ծաղկեպսակ կդնեն հուշարձանին, ապա կմեկնեն նախագահական նստավայր, որտեղ նրանց կընդունեն Գյուլը եւ նրա կինը՝ Հայրունիսան: Վերջինս, ըստ թուրքական լրատվամիջոցների, այդ հանդիսավոր հանդիպմանը կներկայանա մահմեդական գլխաշորով, ինչը Թուրքիայում շատերը համարում են բացահայտ մարտահրավեր հանրապետության աշխարհիկ սկզբունքին:

Երեկոյան նախագահական նստավայրում պետական մակարդակով կտրվի հանդիսավոր ճաշկերույթ Էլիզաբեթ երկրորդի պատվին:

Քառօրյա այցի ընթացքում թագուհին եւ դուքսը կմեկնեն Բուրսա, ապա` Ստամբուլ, որտեղ նախ կայցելեն բրիտանացի ուսանողների հետ կապ հաստատած մի դպրոց, ապա` արդիական արվեստի թանգարան:

Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիա են այցելել Ուելսի արքայազն, թագաժառանգ Չարլզը եւ նրա կինը՝ Քորնուելի դքսուհի Քամիլան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG