Մատչելիության հղումներ

Բենեդիկտոս տասնվեցերորդը խուսափեց «ցեղասպանություն» բառն օգտագործելուց


Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը ուրբաթ օրը անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու պատմությանը` հիշատակելով «նահատակությունը» եւ խուսափելով իր նախորդ Հովհաննես Պողոս երկրորդի կողմից քանիցս օգտագործված «ցեղասպանություն» բառից:

Վատիկան այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, մայիսի 7-ին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված շուրջ 20 հազար հավատացյալներին, աշխարհի բոլոր երկրներին կոչ էր արել դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Հռոմի պապը, այնուհանդերձ, երեկ հայտարարել է. - «Հայ առաքելական եկեղեցու վերջին շրջանի պատմությունը գրվել է հալածանքների եւ նահատակության, խավարի եւ հույսի, նվաստացման եւ հոգեւոր վերածննդի իրարամերժ գույներով: Հայ առաքելական եկեղեցու ազատության վերականգնումը մեծ ուրախության աղբյուր է բոլորիս համար»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Վատիկան կատարած այցի վերջին օրը` մայիսի 9-ին, Ամենայն հայոց կաթողիկոսը իր եւ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին հրավիրել է Հայաստան:

Երկու հովվապետերը առանձնազրույց են ունեցել Բենեդիկտոս տասնվեցերորդի կողմից էկումենիկ արարողությունը հանդիսապետելուց հետո:

«Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ 2000 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքում Գարեգին երկրորդը եւ Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը: Երկու հովվապետերը մեկեւկես միլիոն հայ քրիստոնյաների ցեղասպանությանը անդրադարձել էին նաեւ 2001 թվականին` Հովհաննես Պողոս երկրորդի Հայաստան կատարած այցելության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG