Մատչելիության հղումներ

Սեմնեբին փոփոխություններ է նկատել Լեւոն Տեր-֊Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին փոփոխություններ է նկատել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր֊-Պետրոսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ: Այդ մասին նա այսօր հայտնել է Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ զրույցում:

Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սեմնեբին, որը հանդիպել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին, նշել է, որ իր տպավորությամբ՝ «անցած հանդիպման համեմատ որոշակի փոփոխություններ են եղել՝ պատրաստակամություն կա ներգրավվել բուն քաղաքական գործընթացներում»:

«Նրա [Սեմնեբիի] գնահատականով՝ շատ կարեւոր է, որ երկխոսությունը կայանա քաղաքական մեծամասնության հետ», - փոխանցում է հաղորդագրությունը:

Իր հերթին, Տիգրան Թորոսյանը փաստել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների փոփոխությունը երեւաց նաեւ կոնգրեսի ժամանակ, եւ դա բնական է, որովհետեւ որոշակի ժամանակ է անցել, այնուհանդերձ` նրա ելույթն ակնհայտ դարձրեց, որ «նա չգիտի, թե հետո ինչ է անելու»:

«Ինչ վերաբերում է այլ հարցերին», - ասված է հաղորդագրության մեջ, - «ապա կարելի էր նկատել, որ գնահատականների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. նա մեղադրում է բոլորին` սկսած Հայաստանի իշխանություններից, վերջացրած եվրոպական կառույցներով, շարունակում է նենգափոխել ակնհայտ փաստերը եւ այլն:

Ի պատասխան Եվրամիության հատուկ ներկայացուցչի մյուս հարցադրումների` Տիգրան Թորոսյանը նշել է, որ Հայաստանի օրենսդրությամբ գոյություն չունի քաղաքական գործունեության համար ձերբակալություն, դա լավ գիտեն իրավապահ մարմինները, եւ եթե գործերի հետաքննության արդյունքում պարզվի, որ մարդիկ քաղաքական հայացքների համար են ձերբակալվել, կպատժվեն իրավապահները:

Տիգրան Թորոսյանը նաեւ հայտնել է, որ Ազգային ժողովում մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ-ի փորձագետների հետ քննարկվել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի օրենքում արված փոփոխությունները եւ ձեռքբերված համաձայնությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր: Ապրիլի 25-ին փորձագետներին ուղարկվել է օրենքի փոփոխությունների հուշագրի հիման վրա մշակված նախագիծը, եւ մինչեւ մայիսի 25-ը ակնկալվում է փորձագետների եզրակացությունը, որն ստանալու դեպքում` մայիսի 19-ին սկսվող քառօրյայում նախագիծն առաջին ընթերցմամբ կարող է ընդունվել, իսկ հունիսի 9-ի քառօրյայում` երկրորդ ընթերցմամբ, օրենքը լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG