Մատչելիության հղումներ

Երկքաղաքացիություն են ստացել 188 մարդ


«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի երկքաղաքացիությանը վերաբերող դրույթը ուժի մեջ մտնելուց հետո` 2007 թվականի դեկտեմբերից ի վեր, Հայաստանի երկքաղաքացիություն են ստացել 188 անձ: Ուսումնասիրման փուլում են երկքաղաքացիություն ստանալու մասին 799 անձանց դիմումները:

Այս թվերը այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Ալվինա Զաքարյանը` հավելելով. - «Բայց Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

Զաքարյանի փոխանցմամբ, երկքաղաքացիության ստացած, ինչպես նաեւ ստանալ ցանկացող անձինք հիմնականում Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ են:

Երկքաղաքացիության ստանալու համար դիմում ներկայացնող անձը, ըստ օրենքի, պետք է վերջին երեք տարիներին մշտապես բնակված լինի Հայաստանում:

«Եթե այլազգի է, պետք է առնվազն երեք տարի բնակվի Հայաստանում», - պարզաբանեց Ալվինա Զաքարյանը: - «Եթե ազգությամբ հայ է, բնականաբար` ավելի հեշտացված կարգով, բայց պետք է բնակվի Հայաստանի Հանրապետությունում»:

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համաձայն, ՀՀ երկքաղաքացին ունի Հայաստանի քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները, եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, այդ թվում` պարտադիր զինառայություն անցնելու պարտավորությունը` եթե այլ երկրում չի ծառայել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG