Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ստեղծվել է ընտրական գործընթացների բարելավման առաջարկներն ուսումնասիրող աշխատանքային խումբ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ խորհրդարանում երեկ ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` աշխատանքային խմբին, որի ղեկավարն է պետական-իրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, անդամակցում են խմբակցությունների մեկական պատգամավորներ:

Աշխատանքային խմբում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի աշխատակազմի, ընտրական գործընթացներին մասնակցած այն քաղաքական եւ մասնագիտական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ, որոնք կդիմեն աշխատանքներին մասնակցելու համար:

Օրենսդրական գործընթացների բարելավման վերաբերյալ մշակած առաջարկությունները աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ազգային ժողովի նախագահին մինչեւ հունիսի 20-ը:

Ապրիլի 25-ին աշխատանքային խումբ է ստեղծվել նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG