Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարն այցելել է «Բյուրակն» կրթահամալիր


Դպրոցի 83 աշակերտները դասի ընթացքում ոչ միայն գիտելիք են ստանում, այլեւ իրենք սովորեցնում են իրենց դասընկերներին եւ ստուգում նրանց գիտելիքները:

«Մեր դպրոցի կարգախոսն է` «Սովորեցրու, որ սովորես», եւ հենց սա է ընկած ուսուցման մեթոդի հիմքում: Երեխաները միմյանց սովորեցնելով` ավելի լավ են յուրացնում նյութը», - ասում է կրթահամալիրի դասվար Վարսենիկ Հովսեփյանը:

Սա կրթահամալիրի միակ առանձնահատկությունը չէ: Այստեղ չկան դասական առումով դասարաններ, որտեղ հավաքված են նույն տարիքի աշակերտներ: Աշակերտները 3 հիմնական տարիքային խմբերի են բաժանված եւ սովորում են տարրական, միջին եւ ավագ դպրոցներում: Ու չնայած ուսուցումը կոլեկտիվ է, մոտեցումն աշակերտին անհատական է, յուրաքանչյուր աշակերտ ինքն է որոշում` որքան ժամանակ տրամադրի այս կամ այն առարկային:

«Սա թույլ է տալիս խուսափել երեխայի մոտ չսովորած նյութի կուտակումներից եւ ուսման ու սեփական ուժերի հանդեպ երեխայի հիասթափությունից», - ասում է դպրոցի տնօրեն Վահրամ Ղազարյանը:

Այսպիսի համակարգը հարմար է հատկապես փոքր դպրոցների համար, կարծում է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը. - «Փոքր դպրոցները շատ են հատկապես գյուղերում, իսկ այդ դպրոցների ուսուցիչները խնդիր ունեն կոմպլեկտավորված դասարանների հետ աշխատելու հարցում»:

Այս դպրոցի փորձի կիրառումը հանրակրթական որոշ դպրոցներում Լեւոն Մկրտչյանը հնարավոր է համարում, սակայն կարծում է, որ դրա համար լուրջ ուսումնասիրություններ պետք է կատարվեն, դրա համար արդեն մասնագիտական հանձնաժողովներ են ստեղծվել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG