Մատչելիության հղումներ

Գառնիկ Իսագուլյան. «Մարտի 1-ի համար մեղավոր են բոլորը»


Հայաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ պետք չէ մարտի 1-ի իրադարձությունների համար մեղավոր փնտրել, քանի որ տեղի է ունեցել «մեծագույն ողբերգություն», որի համար «մեղավոր են բոլորը»:

«Չեմ կարծում այսօր տեղին է մեղավորներ փնտրել», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Իսագուլյանը: - «Համարում եմ, որ այդ բոլոր բաների մեջ կա նաեւ իմ անձնական մեղքը` որպես պետական պաշտոնյա»:

«Մենք պետք է ամեն ինչ անեինք, թե’ ընդդիմությունը, թե’ իշխանությունը, որպեսզի հարցը չգար եւ հասներ մարտի 1-ին», - շարունակեց նա: - «Որեւէ մեկը այս հարցում անմեղ չէ: Իր մեղքի բավականին մեծ բաժինը ունի նաեւ ընդդիմությունը»:

Անդրադառնալով իշխանություն - ընդդիմություն երկխոսությանը` նախագահի խորհրդականը ասաց. - «Երբ կլինի այդ երկխոսությունը, այս հարցերի քննարկումն էլ անպայման կլինի այդ սեղանի շուրջ… ոչ թե մեղքի բաժինների չափերը որոշելու համար… Ե’վ կառավարությունը, ե’ւ հանրապետության նախագահը, ե’ւ Ազգային ժողովը հստակ ասացին, որ [ԵԽԽՎ-ի] բանաձեւում մատնանշած բոլոր խնդիրները իրենց լուծումները ստանալու են»:

Բանաձեւի պահանջներից մեկի` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակելու կապակցությամբ հնչած հարցին, թե կան արդյոք այդպիսիք Հայաստանում, Գառնիկ Իսագուլյանը, միանշանակորեն բացառելով քաղբանտարկյալների գոյությունը երկրում, արձագանքեց. - «Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալման անհրաժեշտություն չկա»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG