Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Մոսկվային եւ Թբիլիսիին զսպվածության կոչ է անում


Եվրոպական միությունն այսօր տարածել է հայտարարություն, որով իր լուրջ մտահոգությունն է հայտնել ռուս - վրացական ճգնաժամի վերաբերյալ: 27 անդամ ունեցող կառույցի անունից հայտարարությունը հրապարակել է Եվրամիությունում նախագահող երկրի՝ Սլովենիայի կառավարությունը:

Եվրամիությունը կողմերին հորդորում է «անհապաղ վերսկսել երկխոսությունը եւ չդիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարությունում ասվում է, որ «Եվրոպական միությունը անվերապահորեն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»:

DPA-ն նշում է, որ Վրաստանի երկու անջատողական տարածքները՝ Աբխազիան եւ Հարավային Oսիան անցած դարի 90-ական թվականների պատերազմական գործողությունների արդյունքում ձեռք են բերել փաստացի անկախություն, որը, սակայն, միջազգայնորեն չի ճանաչվել:

Այդուհանդերձ, Աբխազիան եւ Հարավային Oսիան պնդում են, թե Կոսովոյի խնդրի լուծումը իրենց համար ստեղծել է Վրաստանից անկախանալու միջազգային իրավական նախադեպ:

Անցյալ շաբաթվա ընթացքում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերը: Սոլանան ապակայունացնող քայլերից խուսափելու կոչ է արել, մինչդեռ Լավրովն ասել է, թե Վրաստանի որոշ գործողություններ թույլ են տալիս ենթադրել, որ Թբիլիսին մտադիր է պատերազմ սկսել Աբխազիայում: Լավրովն ընդգծել է, որ այդ դեպքում Մոսկվան կդիմի պատասխան գործողությունների:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG