Մատչելիության հղումներ

Էրդողանը նոր կուսակցությո՞ւն կստեղծի


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե երկրի Սահմանադրական դատարանը ապօրինի հռչակի իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ապա ինքը քաղաքական նոր կուսակցություն կստեղծի:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Արդարություն եւ զարգացում»-ը անցած շաբաթվա ընթացքում Սահմանադրական դատարան է փոխանցել իր պաշտպանության փաստարկների փաթեթը: Հայցվորը` երկրի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան պնդում է, որ կուսակցությունն ունի իսլամական արմատներ, ինչը հակասում է հանրապետության աշխարհիկ սկզբունքներին: Հայցվորը նաեւ պահանջել է 5 տարով արգելել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 71 առաջատար գործիչների, այդ թվում Էրդողանի մասնակցությունը Թուրքիայի քաղաքական կյանքին:

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ այս դատական գործի հետեւանքով Թուրքիայի ֆինանսական-տնտեսական շուկայում ի հայտ են եկել խուճապի միտումներ, իսկ քաղաքական դաշտում՝ անկայունություն: Բացի այդ, Եվրոպական միությունն էլ քննադատել է կուսակցություն արգելելու հնարավորությունը:

Թուրքական աղբյուրների համաձայն, նոր կուսակցություն հիմնադրելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Էրդողանն իր այդ մտադրության մասին խոսել է անցած շաբաթ օրը մի քանի լրագրողների հետ ճաշի սեղանի շուրջ: Վարչապետի գրասենյակի աշխատակիցները խնդիրը չեն մեկնաբանել:

«Մենք Թուրքիայում լարվածություն չենք ստեղծի, այս գործը կավարտվի հուլիսին», - ասել է վարչապետը «Վաթան» թերթի թղթակցին եւ հավելել, որ այդ խնդրի երկարաձգումը վնաս է հասցնում Թուրքիայի տնտեսությանը:

Էրդողանն ասել է, թե չի ենթադրում, որ Սահմանադրական դատարանը կփակի կուսակցությունը, եւ մտադիր չէ դա կանխելու համար Սահմանադրությունը լրամշակելու փորձի դիմել:

Նա նշել է, որ եթե արգելքն ընդունվեր անձամբ իր նկատմամբ, ապա ինքը կպահանջեր նոր ընտրություններ եւ կառաջադրվեր որպես անկախ թեկնածու: «Ես վերլուծել եմ այդ տարբերակը, որեւէ խոչընդոտ չպետք է լինի, եթե ես առաջադրվեմ որպես անկախ թեկնածու», - ասել է Էրդողանը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ անցյալում Թուրքիայում փակվել են կուսակցություններ, որոնք առնչություն են ունեցել իսլամիստների կամ քուրդ անջատողականների հետ, եւ թուրք մեկնաբանները չեն բացառում, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաեւ «Արդարություն եւ զարգացում»-ը:

Ապրիլի սկզբին Սահմանադրական դատարանը համաձայնել է վարույթ ընդունել այդ գործը, որը հարուցել է երկրի գլխավոր դատախազը, երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հսկողության տակ գտնվող խորհրդարանը հավանություն է տվել համալսարաններում կանանց գլխաշոր կրելու արգելքը չեղյալ հայտարարելու սահմանադրական փոփոխությանը:

Թուրքիայի աշխարհիկ կարգերի ջատագովներն այդ լրամշակումը դիտում են որպես քաղաքական իսլամի խորհրդանիշ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG