Մատչելիության հղումներ

Կոալիցիան բարեփոխումների պատրաստակամություն է հայտնում


Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները կիրակի օրը հայտարարել են, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը»:

Հայտարարության մեջ ասված է, որ այդ բարեփոխումները վերաբերում են «քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին»:

«Եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ ընդդիմության իրավունքների ամրագրումը պետք է զուգակցվի քաղաքական դաշտի բոլոր դերակատարների քաղաքական պատասխանատվության հստակեցմամբ, մամուլի ազատությունը՝ մասնագիտական էթիկայի կանոնների սահմանմամբ եւ իրավական պարտավորություններով, ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունքը՝ օրինապահության, այլ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու երկրի անվտանգության ապահովմամբ», - նշված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը:

Կոալիցիան նաեւ երկխոսության կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին, կարեւորել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջարկությունների իրագործման նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը եւ ափսոսանք է հայտնել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG