Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Դիտարկելով Հայաստանի առջեւ Եվրոպայի խորհրդի դրած ժողովրդավարական բարեփոխումների պահանջները եւ Հայաստանի իշխանությունների համար դրանց ներկայացրած հնարավոր վտանգը, «Առավոտ»-ի խմբագրականը գրում է. - «Ժողովրդական «բարեշրջությունները», որոնք մեզանից ակնկալում է Արեւմուտքը, այս իշխանություններին որեւէ վնաս չեն հասցնի: Ավելին`նրանց համար առավել վտանգավոր կլինի, եթե ամեն ինչ մնա, ինչպես որ կա: Տրամաբանությունը պարզ է. Հայաստանը կանգնած է սոցիալական ցնցումների եզրին` առաջին անհրաժեշտության ապրանքների գներն այս տարվա ընթացքում էապես բարձրանալու են: Չտեսնել դա եւ առաջվա պես խաբել, թե գնաճը կազմել է, ասենք, 2.34 տոկոս կամ նման այլ անհեթեթ թվեր կրակել, պարզապես թեթեւամտություն է: Անհրաժեշտ է տարերային սոցիալական ըմբոստությունը տեղավորել քաղաքական, համակարգային հունի մեջ: Հենց այդպիսին է ներկայիս ընդդիմությունը: Շարունակելով մղել նրան դեպի քաղաքական լուսանցք` իշխանությունը կարող է վաղ թե ուշ բախվել իսկապես ծայրահեղական ուժերի հետ»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը «Ժամանակ-Երեւան» թերթում փաստում է. - «Եթե մինչ կոալիցիայի ձեւավորումը եւ Վազգեն Մանուկյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը կար հնարավորություն, որ կլինեն ընդդիմության մի քանի բեւեռներ, որոնք թույլ կտան իշխանություններին դրանց մեջ բնական հակասությունների օգտագործմամբ մասնատել ընդդիմադիր տրամադրված զանգվածը, ապա այսօր ամեն բան ավելի քան պարզ է՝ կա իշխանություն, որին սատարում են հրապարակային եւ նախկինում ազդեցիկ ընդդիմադիր գործիչներից Արթուր Բաղդասարյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, եւ կա մեկ, համախմբված ընդդիմություն՝ ի դեմս Լեւոն Տեր-֊Պետրոսյանին սատարող շուրջ 20 կուսակցությունների: Այսօր մենք ունենք համար մեկ հրամայականը՝ համատեղ ուժերով ճգնաժամի հաղթահարում՝ քաղաքական, վստահորեն կարելի է ասել՝ ցավոտ որոշումների միջոցով: Մենք կարիք ունենք Հայաստանի ապագայի հստակ տեսլական ունեցող առաջնորդների: Կկարողանա՞ն արդյոք իշխանության եւ ընդդիմության առաջնորդները իրենց այսրոպեական շահերից վեր դասել պետության շահը եւ նախաձեռնել առաջին քայլը երկրում համերաշխության հաստատման ուղղությամբ՝ դա ամենակարեւոր հարցն է այսօր»:

«Չորրորդ իշխանություն»֊-ը գրում է. - «Ռեժիմը առ այսօր հույսեր է փայփայում, թե Լեւոն Տեր֊-Պետրոսյանը բանակցություններ է սկսելու իր հետ: Խնդիրը նույնիսկ այն չէ, թե ի՞նչ հարցերի շուրջ պետք է ընթանան այդ բանակցությունները: Խնդիրն այն է, թե ո՞ւմ միջեւ պիտի ընթանան դրանք: Մի կողմում Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր նախագահն է. նա, ում օրոք Հայաստանն անկախություն ու միջազգային ճանաչում է ձեռք բերել, հաղթել պատերազմում, հաղթահարել է տնտեսական ճգնաժամը եւ այլն: Մյուս կողմում այդ նույն նախագահի օրոք խեղճուկրակ նախարար աշխատած մի մարդ է՝ ով ժամանակին իր հետ խոսելիս չէր համարձակվում անգամ հայացքը բարձրացնել: Կողքին՝ վարչապետի պաշտոնում, նա է, ով իր օրոք բոցաշունչ ընդդիմադիր էր, բայց հենց որ պաշտոն տվեցին, ձայնը կտրեց ու դարձավ կառուցողական: Հարց է ծագում. ա՞յս մարդկանց հետ պիտի երկխոսության մեջ մտնի Լեւոն Տեր-֊Պետրոսյանը»:

«Ազգ»֊-ը կարծիք է հայտնում. - «Հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվեցին մարտի 1-ի անկարգությունները եւ 10 մարդ զոհվեց, հաճախ է խոսվում երկխոսության եւ մարդկանց դժգոհությունների պատճառները վերացնելու մասին: Սակայն երբեք չի խոսվում, թե ինչի՞ շուրջը պետք է տեղի ունենա այդ երկխոսությունը եւ ո՞ւմ ու ինչպիսի՞ դժգոհությունները վերացնելու անհրաժեշտության մասին է խոսքը: Նախ՝ երկխոսության մասին: Ակնհայտ է, որ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Որեւէ այլ երկրում, անգամ հետխորհրդային, ընտրություններում 21 տոկոս հավաքած թեկնածուն չի խոսում ողջ ժողովրդի անունից եւ այն էլ վերջնագրային տոնով: Տպավորություն է ստեղծվում, որ 350 հազար մարդկանց ձայնն ավելի վճռորոշ է, քան 53 տոկոս հավաքած թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին տրված 860 հազար եւ մյուս բոլոր թեկնածուների օգտին տրված մոտ 400 հազար ձայները»:

«Ինչպե՞ս կարող է իշխանությունը պայքարել ստվերի դեմ, երբ «ստվեր» ասածը հենց ինքն է, որ կա»,֊ - հարց է տալիս «Հայկական ժամանակ»-֊ի մեկնաբանը եւ կոնկրետ օրինակներ բերում. - «Դիլիջան Ֆրոլովա»֊-ն, որը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին, անգամ հազար խոշոր հարկատուների ցանկում չկա: Հարկատուների ցանկում չի, օրինակ, Սերժ Սարգսյանի փեսայի «Ջազվե» սրճարանային ցանցը եւ էլի շատ ու շատ ընկերություններ, որոնք գործում եւ ընդլայնվում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այլ կերպ ասած, ի հեճուկս բարձրագոչ հայտարարությունների, իրական ստվերի դեմ որեւէ պայքար չի տարվում ու չի էլ կարող տարվել»:

«Հայք»֊-ն անդրադառնում է հնարավոր թանկացումներին. - «Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի այն հավաստիացումները, թե կառավարությունը հակված չէ տրանսպորտի սակագինը թանկացնելու, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Երեկվանից Երեւանում թանկացել է ոչ միայն բնակարաններին մատակարարվող, այլեւ հեղուկ գազը: Հենց վառելիքի այս տեսակն է օգտագործում քաղաքային տրանսպորտը: Հեղուկ գազի թանկացումն այնքան զգալի է, որ չի կարող չանդրադառնալ երթուղային սակագնի վրա: 81 համարի երթուղային տրանսպորտի վարորդները նույնիսկ սպառնում են գործադուլ անել, եթե սակագինը չվերանայվի: Երեկ այդ վարորդներից մեկը ուղեւորներին հետեւյալ կերպ էր ներկայացնում իրավիճակը. - «Գազի մի բալոնը 1300-֊ից դարձել է 2000 դրամ: Ես օրական 4 բալոն եմ օգտագործում, այսինքն 8000 դրամ միայն վառելիքի ծախսն է դարձել: Օրը 16 հազար դրամ էլ տալիս եմ գծի տիրոջը: Մանր֊մունր ուրիշ ծախսեր էլ կան: Եթե ես օրը 25 հազար դրամ ծախսեմ, տակը ինձ բան չի մնում: Ուրեմն կամ սակագինը պետք է թանկացնեն, կամ էլ մենք մի քանի կոպեկի համար չենք աշխատի»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG