Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը մտադիր չէ վերադառնալ հայաստանյան քաղաքականություն


Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով ներկայումս Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի Բիզնեսի դպրոցում գործող «Եվրասիա» ծրագրի ղեկավարն է, մտադիր չէ վերադառնալ հայաստանյան քաղաքականություն:

«Արմեն Սարգսյանը քանիցս մամուլով եւ այլ ձեւերով հայտարարել է, որ ինքը Հայաստանի ներքին քաղաքական կյանքով, պաշտոնի իմաստով հետաքրքրություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց «Եվրասիա» ծրագրի գործադիր տնօրեն Հրաչ Չիլինգիրյանը:

Չիլինգիրյանն այս օրերին Հայաստանում կազմավորում է հերթական խումբը, որը հունիսին մեկ ամսով կմեկնի Քեմբրիջի համալսարան` մեկամսյա դասընթացների:

«Եվրասիա» ծրագրի շրջանակներում վեց տարվա ընթացքում հարյուրից ավելի հայաստանցի երիտասարդներ են մասնակցել այդ դասընթացներին, որտեղ ծանոթացել են բիզնեսի եւ ֆինանսների կառավարմանն առնչվող միջազգային փորձին:

«Այս ծրագրի հիմնական նպատակներից մեկն է` հնարավորության տալ Հայաստանի երիտասարդ, նոր սերնդին, որոնք հատկապես ներգրավված են Հայաստանի բիզնեսի, ֆինանսների եւ բանկային համակարգերում, գան Քեմբրիջ, Անգլիա մեկ ամսով եւ այնտեղ համալսարանի Բիզնեսի դպրոցում ծանոթանան բիզնեսի աշխարհի վերջին հայտնություններին, վերջին գիտելիքներին», - պատմեց Չիլինգիրյանը` հավելելով, որ դասախոսություններին եւ այլ պարապմունքներին զուգահեռ կազմակերպվում են նաեւ այցելություններ Lոնդոնում գտնվող խոշոր ընկերությունների գրասենյակներ. - «Այդտեղ մասնակից երիտասարդ մասնագետները հնարավորություն են ունենում անմիջական կերպով շփվել մեծ ընկերությունների` HSBC, BP [«Բրիթիշ Փետրոլիում»], EBRD [Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ] եւ այլ մեծ ընկերությունների գործադիր ղեկավարների հետ»:

«Եվրասիա» հիմնադրամի գործադիր տնօրենի համոզմամբ, հաջողակ գործարարներ ունենալու դեպքում Հայաստանը կունենա նաեւ հաջողակ տնտեսություն:

«Մինչեւ հիմա մեր ծրագրին մասնակցել են 100-ից ավելի երիտասարդներ: Եթե հարցնեք 5 տարի առաջ մասնակցողներին, բոլորն էլ ունեն իրենց աշխատանքը, շատերը վերադառնալով սկսել են իրենց անհատական բիզնեսը», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք դասընթացներն անցած երիտասարդները առանց «տանիքի» կարող են հաջողակ գործարար դառնալ հայաստանյան պայմաններում, Հրաչ Չիլինգիրյանը արձագանքեց. - «Ես համաձայն եմ, որ կաշկանդումներ կան, խնդիրներ կան, պրոբլեմներ կան: Սա, անշուշտ, հարց է Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բիզնես շրջանակների համար: Բայցեւայնպես, իմ մոտեցումը սա է, որ չենք կարող սպասել մինչեւ իդեալական միջավայր ստեղծվի, հետո սկսենք մարդկանց կրթել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG