Մատչելիության հղումներ

Հարաշտին կոչ է անում ռուսաստանցի օրենսդիրներին չընդունել լրատվամիջոցների մասին օրենքի փոփոխությունը


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կոչ է արել Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների խոսնակներին չընդունել լրատվամիջոցների մասին օրենքում առաջարկվող լրացումը, որը հնարավորություն կտա կառավարությանը նախազգուշացնել եւ այնուհետեւ փակել լրատվամիջոցը զրպարտության համար:

Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, Պետական դումայի եւ Դաշնության խորհրդի նախագահներին, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովին երեկ հղած նամակում Հարաշտին նշել է, որ օրենդրական այդ նախաձեռնությունը, որը զրպարտանքն ավելացնում է լրատվամիջոցը փակելու հիմքերին, «անընդունելի է մամուլի ազատության միջազգային ստանդարտների տեսակետից»:

«Եթե օրինագիծը ընդունվի, դա ավելի կնվազեցնի հանրության համար կարեւոր հարցերի մասին անկախ տեղեկատվության տրամադրման հնարավորությունները», - գրել է Հարաշտին:

Պետական դումայում առաջին ընթերցումն անցած օրինագիծը «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի 4-րդ հոդվածի «լրատվամիջոցների ազատության չարաշահումը» բաժնում ավելացնում է հետեւյալ բառերը. «գիտակցված կեղծ տեղեկատվության տարածումը, որը վիրավորում է այլ անձանց արժանապատվությունը կամ վնասում նրանց հեղինակությունը»: Այս նոր խախտումը, 4-րդ հոդվածում շարադրված այլ խախտումների հետ միասին, կարող է հիմք հանդիսանալ լրատվամիջոցը փակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG