Մատչելիության հղումներ

«Բռնությունները, իրավական հետապնդումները եւ ֆինանսական ճնշումները վնաս են հասցրել մամուլի ազատությանը»


«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը երեկ հրապարակել է մամուլի ազատության 2008 թվականի զեկույցը, որում ամփոփված են 2007-ի զարգացումները: 2003 թվականից «ոչ ազատ» երկրի կարգավիճակի արժանացած Հայաստանը այս անգամ էլ նույն բացասական գնահատականն է ստացել: Ավելին, Հայաստանը նահանջ է գրանցել նույնիսկ «ոչ ազատների» ցանկում:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են մամուլի ազատությունը, սակայն գործնականում այդ իրավունքները վտանգված են. - «Բռնությունները, իրավական հետապնդումները եւ ֆինանսական ճնշումները վնաս են հասցրել մամուլի ազատությանը»:

Մամուլի ազատության վարկանիշային զեկույցը պատրաստելու համար «Ֆրիդոմ Հաուս»-ը միավորներ է շնորհում երեք անվանակարգերում՝ իրավական, քաղաքական եւ տնտեսական, եւ գումարելով դրանք, որոշում է երկրի կարգավիճակն ու տեղը ընդհանուր ցանկում: Որքան բարձր է արդյունքն, այնքան վատ է կացությունը եւ ցածր են տվյալ երկրի կարգավիճակն ու տեղը ցանկում:

Վերջին զեկույցում Հայաստանի իրավական դաշտին տրվել է 21 միավոր, քաղաքականին՝ 25, տնտեսականին՝ 20: Արդյունքում ստացվել է 66 միավոր: Հայաստանը նույնքան միավորներ վաստակած Փղոսկրի Ափի, Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ կիսել է 144-149-րդ տեղերը:

Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 64 միավորով Զամբիայի հետ կիսել էր 142-143-րդ տեղերը: Վերջին եւ նախորդ զեկույցների համեմատությունը վկայում է, որ տնտեսական դաշտում փոփոխություն չկա՝ նույն 20 միավորն է, մինչդեռ, իրավական եւ քաղաքական դաշտերում ավելացել է մեկական միավոր:

Ի՞նչն է նպաստել նահանջին: «Հայաստանում որոշակի անկումը բացատրվել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում կառավարության կողմից վարչական լծակներ կիրառելու հանգամանքով», - ասել է «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը:

Անբարենպաստ գործոնները նույնն են՝ զրպարտությունը տակավին դիտվում է քրեորեն պատժելի արարք, օրենքը երաշխավորում է հանրային ինֆորմացիայի մատչելիությունը, մինչդեռ, լրագրողներին հաճախ տեղեկություն չեն տրամադրում:

Փետրվարին իշխանությունները լրամշակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգը: Հանձնաժողովը հռչակվել է անկախ կառույց: Սակայն այդ անկախությունը վտանգված է, քանի որ հանձնաժողովի անդամների կեսը նշանակվում է խորհրդարանի, մյուս կեսը՝ նախագահի կողմից:

Կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել երկու օրինագիծ, որոնք ծանր հարկեր են նախատեսել օտարերկրյա հեռարձակումներ իրականացնող մասնավոր ընկերությունների համար: Օրինագծերի ընդունման եւ կիրարկման դեպքում օտարերկրյա հեռարձակումները հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ըստ էության, կդառնային անհնարին:

Միջազգային հզոր ճնշումների արդյունքում օրինագծերը չեն ընդունվել, այդուհանդերձ, 2007 թվականի հուլիսին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացվել է, որ այլեւս չի կարողանա իր ծրագրերը հեռարձակել Հայաստանի հանրային ռադիոյով:

2003 թվականից եթերազրկված եւ կառավարության հետ իրավական պայքարի մեջ ներքաշված «Ա 1+»-ը 2007-ին նույնպես հեռարձական արտոնագիր չի ստացել:

Հեռարձակվող մամուլը Հայաստանում տեղեկատվության առավել կարեւոր աղբյուրն է, ուստի, փորձելով վերահսկել ինֆորմացիոն հոսքը, իշխանությունները նախ եւ առաջ թիրախ են ընտրում հեռարձակվող լրատվամիջոցները:

«Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցում նշված է, որ հեռարձակվող եւ տպագիր մամուլում ներկայացված է տեսակետների լայն շրջանակ, սակայն դաշտը շատ քաղաքականացված է: 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական, ապա 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդող շրջաններում իշխանությունները հուժկու ճնշումներ են գործադրել մամուլի նկատմամբ:

Մամուլի գործունեությունը հսկող խմբերի փոխանցմամբ, հեռարձակվող լրատվամիջոցները, որպես կանոն, իշխանամետ դիրքերից են լուսաբանել քարոզարշավները: Միաժամանակ նշվում է, որ նախորդ ընտրական շրջանների համեմատությամբ ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավն ավելի լայն է լուսաբանվել:

Մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ լուսաբանման ընթացքում նկատելի էր ընդգծված կողմնակալություն երկու հիմնական թեկնածուների հանդեպ՝ իշխանության կողմից առաջադրված եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը վայելող վարչապետ Սերժ Սարգսյանի քարոզարշավը հիմնականում դրական է լուսաբանվել, մինչդեռ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավը՝ խիստ քննադատական:

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակած ԳԱԼԱ հեռուստատեսությունը աննախադեպ ճնշման է ենթարկվել, ինչից հետո մամուլի համար շատ բարդ է դարձել ընդդիմության թեկնածուների քարոզարշավի լուսաբանումը: Ըստ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցի, ԳԱԼԱ-ում հարկային ծառայության ստուգումները եւ հարուցված գործը վկայում են հեռուստակայանը փակելու փորձի մասին, որի նախաձեռնողն իշխանությունն է:

«Ֆրիդոմ Հաուս»-ը անդրադարձել է նաեւ դեկտեմբերին «Չորրորդ իշխանության» գրասենյակին վնաս հասցրած պայթյունին, լրագրողներին ահաբեկելու եւ ֆիզիկական հարձակումների ենթարկելու դեպքերին: Դրանք հիմնականում տեղի են ունեցել նախընտրական հանդիպումների եւ հանրահավաքների կամ իշխանությունների գործունեությունը լուսաբանելու փորձերի ընթացքում:

Հոկտեմբերին իրավապահները բերման են ենթարկել «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանին:

Հունիսին զեղծարարության մեղադրանքով դատավճիռ է կայացվել 2006-ին հարձակման ենթարկված լրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ: Դիտորդների համոզմամբ, դատավարության եւ 30 ամսվա պայմանական ազատազրկման դատավճռի հիմքում քաղաքական շարժառիթներ են:

Զեկույցում ասվում է, որ զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 2006 թվականին դատապարտված «Ժամանակ Երեւան» պարբերականի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը տակավին բանտում է:

«Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցում նշվում է, որ բացառությամբ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի եւ դրա ռուսալեզու տարբերակի, տպագիր մամուլը Հայաստանում մասնավոր կարգով է հրատարակվում: Դրանցից քչերն են ֆինանսապես անկախ: Թերթերի մեծ մասը կախվածության մեջ է քաղաքական շրջանակների հետ կապեր հաստատած գործարար խմբերից: Մամուլի առաքման ընկերությունները մասնավոր են, դրանք արդյունավետ չեն թերթերը երկրում տարածելու գործում:

Ընտրություններից առաջ տեղի են ունեցել ընդդիմադիր թերթերի տպաքանակը առգրավելու դեպքեր:

Հեռուստակայանների մեծ մասը կամ իշխանամետ քաղաքական գործիչների, կամ էլ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարների սեփականությունն է:

Ինտերնետի մատչելիության առումով պաշտոնական սահմանափակումներ չկան, սակայն, ինչպես նշում է «Ֆրիդոմ Հաուս»-ը, Հայաստանում ինտերնետից մշտապես օգտվողների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 6 տոկոսը:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում ասել է, որ խոսքի ազատության վիճակը գնահատելու համար շատ կարեւոր է պարզել, թե ինչպես են լրատվամիջոցներն աշխատել ընտրությունների եւ հետընտրական շրջանում: Գրանցվել են բազմաթիվ «ստանդարտ» թերություններ: Բացի այդ, մարտի 1-ից հետո հայտարարվել է արտակարգ դրություն, իրականացվել է ապօրինի գրաքննություն: Այդ ամենը հիմք է տալիս պնդելու, որ հաջորդ տարվա զեկույցում շատ ավելի խիստ գնահատականներ կլինեն:

«Այս իրավիճակը շտկելու միակ տարբերակն է՝ անպահպաղ ձեռնարկել քայլեր, որոնք Հայաստանում կապահովեն առավել հնարավոր խոսքի ազատություն», - ասել է Բորիս Նավասարդյանը:

Ինչպես եւ նախորդ զեկույցում, մամուլի ազատության գծով աշխարհում ամենավատ վիճակում Հյուսիային Կորեան է, իսկ ամենաազատ երկիրը Ֆինլանդիան է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG