Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը այսպիսի չիրագործված սցենար է ուրվագծում. - «Հայաստանը փրկվեց Սերժ Սարգսյանի լեգիտիմ նախագահ դառնալու վտանգից. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումը տեղի չունենար, կազմակերպվելու էր ընտրությունների երկրորդ փուլ` Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ, ընդ որում` վերջինս առաջին փուլում պետք է շուրջ 40 տոկոս քվե ստացած լիներ, իսկ երկրորդ փուլից հետո` «արժանապատվորեն» շնորհավորեր Սերժ Սարգսյանին: Այդպիսով, Սերժ Սարգսյանը ոչ միայն կստանար լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան եւ ցանկացած հանցավոր ծրագրերի իրականացման քարտ-բլանշ, այլեւ վերջնականապես կոչնչացներ ընդդիմությանը` դաշտում թողնելով միայն «կառուցողական հաճախորդներին»:

«Հայոց Աշխարհ»-ը պնդում է. - «Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնը հրապարակել է «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» վերլուծական զեկույցը: Ըստ այդ փաստաթղթի հեղինակների, Տեր-Պետրոսյանն ու իր թիմը ընտրապայքարի համար ահռելի ֆինանսավորում են ստացել դրսից։ Արեւմտյան հիմնադրամների միջոցով ֆինանսավորումն իրականացնում էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետները վստահ են, որ քաղաքական ասպարեզ Տեր-Պետրոսյանի վերադարձը բնավ հանպատրաստից չէր. - «Հիմքեր կան ենթադրելու, որ այդ վերադարձի կազմակերպման նախապատրաստական փուլում առանձնահատուկ դեր են կատարել օտարերկրյա տարբեր կառույցները»։ «2007 թվականին հակաիշխանական երիտասարդական շարժումների մի շարք ակտիվիստներ, որոնք կապված են ՀՀՇ-ի հետ, այդ թվում` նաեւ Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղարը, կրթաթոշակներ ստացան օտարերկրյա տարբեր բուհերում. Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր։ Ողջ տարվա ընթացքում նրանք ուսանեցին քաղաքական տեխնոլոգիաներն ու վերադարձան Հայաստան Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի նախօրեին», - հայտարարում են մոսկովյան վերլուծաբանները։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Անդրադառնանք Հայաստանի հասարակությունը պառակտելու մեղադրանքներին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների հասցեին նման մեղադրանքներ հնչեցնողները դրանով ուզում են «հասկացնել», թե իբր մեր հասարակությունը երկու մասի է բաժանվել: Այլ կերպ ասած` իբր հասարակություն կա ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը, այլեւ «մյուս ճամբարում»: Սուտ է, այնտեղ հասարակություն չկա: Այնտեղ կա ռեժիմ` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, ոստիկանության եւ բանակի վերնախավ, օլիգարխներ, եւ այս «ստրուկտուրաներին» զանազան ծառայություններ մատուցողները` մտավորականներ, լրագրողներ, հոգեւորականներ, երգիչ-երգչուհիներ, թիկնապահներ եւ այլն: Ընդհանուր թվով` առավելագույնը մի 10-15 հազար մարդ: Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր հայտնվում են հեռուստաէկրաններին: Հարց է ծագում. կարելի՞ է արդյոք «հասարակության պառակտում» անվանել այն իրավիճակը, երբ մի կողմում հասարակության 99.5 տոկոսն է, մյուս կողմում` 0.5 տոկոսը»:

«Հայկական ժամանակ». - «Նախաքննության հիմնական խնդիրը պետք է լինի կրակողին հայտնաբերելը, եւ դա պետք է լինի կոնկրետ անուն ազգանունով մարդ: Հանրությունը պետք է իմանա` ո՞վ է նա, ոստիկա՞ն, թե՞ օլիգարխի թիկնապահ, ի՞նչ ավտոմատից է նա կրակել, որտե՞ղ եւ ո՞ւմ անունով է գրանցված այդ զենքը, քանի՞ մետր հեռավորության վրա է գտնվել կրակոցի պահին նրա ապագա զոհը, ո՞ր ժամին է գրանցվել առաջին սպանությունը, որտե՞ղ է գտնվել սպանվածը: Կարճ ասած, նախաքննության հիմնական խնդիրը ամեն պայթյունի, ամեն կրակոցի հանգամանքները ճշտելն է, նռնակ նետած ամեն մարդու ինքնությունը պարզելը: Եվ ի դեպ, միջազգային փորձագետները հենց այստեղ էին հարկավոր` պարզելու համար ամեն վնասվածքի ծագումնաբանությունը: Բայց հիմա նման փորձաքննության հնարավորությունները կա’մ նվազել են, կա’մ ընդհանրապես վերացել: Աղվան Հովսեփյանը չարաչար սխալվում է` մտածելով, թե կկարողանա «լափշա կախել» հանրության ականջներից: Հիմա նա ոչ թե նախաքննություն է իրականացնում, այլ քաղաքական շոու է փորձում բեմադրել. կալանավորել են մի քանի տասնյակ քաղաքական գործիչների, անունն էլ դրել զանգվածային անկարգություններ: Սա ուղղակի ծիծաղելի է»:

«Հայք»-ը մի հետաքրքիր դրված է նկարագրում. - «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը երեկ խիստ տիպիկ լեզվի սայթաքում է թույլ տվել: Տիգրան Սարգսյանին հարց ուղղելիս նա «ես ուզում եմ խոսել» արտահայտության փոխարեն ասել է. - «Ես ուզում եմ խմել...»: Դահլիճում ներկա պատգամավորները, նախարարներն ու լրագրողները բարձրաձայն ծիծաղել են պատգամավորի թույլ տված սխալի վրա: Վարդան Բոստանջյանը պատասխանել է, որ ինքը քյավառցի մարդ է, ու եթե խմի էլ` ոչինչ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG