Մատչելիության հղումներ

Վերսկսվում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը


Այսօր վերսկսվում է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` երիտասարդ ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: Սպանության գործով դատարանի առջեւ է կանգնել ավելի քան մեկուկես տասնյակ մարդ, հիմնականում` տրապիզոնցի ազգայնականներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ պարբերաբար լինում են զանազան բացահայտումներ, որոնք թուրքական հասարակական կարծիքի մոտ բավական լայն արձագանք են ստեղծում»:

«Վերջին շրջանում նորից կային որոշ նորություններ, որոշ մանրամասներ, խորհրդարանական հատուկ ենթահանձնաժողովը որոշ աշխատանք ծավալեց: Սպասողական վիճակ է ընդհանրապես, բոլորն էլ տեսնում են, որ դատական գործընթացը մի օրից մյուսը ավարտելու պրոցես չէ: Դա, բնականաբար, կարեւոր հանգրվան է, բայց միաժամանակ` ընթացիկ հանգրվան», - նշեց Արա Գոչունյանը:

«Ժամանակ»-ի խմբագիրը հայտնեց նաեւ, որ Քրեական օրենսգրքի` «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող 301 հոդվածում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած փոփոխությունների շուրջ քննարկումները Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում կսկսվեն այսօր. - «Չգիտեմ` որքա՞ն կտեւեն, եւ քվեարկության փուլը ե՞րբ կգա, եւ կամ քվեարկության կդնե՞ն, թե՞ նորից որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի, բայց երկուշաբթի նախատեսված է, որ խորհրդարանում քննարկումները սկսվեն»:

«301 հոդվածի պարագան է’լ ավելի հետաքրքրական դարձավ Թուրքիայում, քանի որ իշխող կուսակցության փակման համար բացված դատն էլ երկրում մի մթնոլորտ առաջացրեց, որի պայմաններում շատ ավելի խորն են քննարկվում երկրում ազատությունների հարցերը: Այդ ֆոնի վրա մի քիչ մտայնության տեղաշարժ կամ պայմանների փոփոխություն կարելի է նկատել», - նշեց Գոչունյանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG