Մատչելիության հղումներ

Դավիթ Բաքրաձեն ազատվել է Վրաստանի արտգործնախարարի պաշտոնից


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կարգադրությամբ Դավիթ Բաքրաձեն ազատվել է արտգործնախարարի պաշտոնից եւ ստացել «նախագահի հատուկ ներկայացուցչի» կարգավիճակ` մայիսի 21-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված:

Ինչպես «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հայտնել են արտգործնախարարությունից, դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պարտականությունները մինչեւ այդ պաշտոնում նոր նշանակումը կկատարի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն օրերս հրաժարվել է առաջիկա ընտրություններին մասնակցելուց, եւ կառավարող «Ազգային շարժում» կուսակցությունը որոշում է ընդունել Բաքրաձեին ընդգրկել կուսակցական ցուցակում` առաջին համարի տակ: Ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում Բաքրաձեն կառաջադրվի խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Իշխող կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու կապակցությամբ հրաժարական են տվել Վրաստանի կառավարության եւս երկու անդամներ` փախստականների եւ տարաբնակեցման հարցերով նախարար Կոբա Սուբելիանին եւ բնապահպանության նախարար Զաալա Գամցեմլիձեն: Նրանք կուսակցական ցուցակում զբաղեցնում են, համապատասխանաբար, երկրորդ եւ չորրորդ տեղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG