Մատչելիության հղումներ

Փաստաբանների պնդմամբ` Գուլյանի մահվան գործի քննությունը օբյեկտիվ չի եղել


Անցած տարվա մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Lեւոն Գուլյանի փաստաբանների պնդմամբ` «գործի քննությունը չի եղել բազմակողմանի եւ օբյեկտիվ», վարույթն իրականացնող մարմնին «չի հաջողվել բացահայտել նրա մահվան բոլոր հանգամանքները», կան «բազմաթիվ չփարատված կասկածներ»:

Փաստաբանների բողոքը Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ քննվում է մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր կայացած նիստում քննիչ Գաբրիել Պետրոսյանը արտահայտեց իր կարծիքը, թե մեկ այլ քրեական գործով որպես վկա ոստիկանություն հրավիրված Լեւոն Գուլյանը չի ցանկացել «ծախել» իր ընկերներին, ուստի փորձել է փախուստի դիմել ոստիկանության վարչական շենքից, ինչի հետեւանքով երկրորդ հարկի պատուհանից ցած է ընկել ու մահացել:

«Այդ ելույթից մենք հասկացանք, որ ոչ ընկնելու մեխանիզմը, ոչ էլ, այսպես կոչված, դուրս թռչելու շարժառիթը գործով հավաքված որեւէ ապացույցով չի հիմնավորվում: Ընդամենը քննիչը, ինչպես ինքն ասաց` իրականությունից ելնելով, կարծում է, որ դա եղել է այդ պատճառով եւ այդպես», - ասաց փաստաբան Հրայր Ղուկասյանը` հավելելով, որ գործում դա հաստատող ոչինչ չկա:

Գուլյանի իրավահաջորդի շահերի մյուս պաշտպան Վահե Կարախանյանը ասաց. - «Դա ոչ թե վարկած է, այլ ենթադրություն է: Ինքը [Գաբրիել Պետրոսյանը] շեշտեց, որ դա իր ենթադրությունն է: Նշելով, որ դա ենթադրական հարթության վրա է գտնվում, ինքը ակնհայտորեն պարզ դարձրեց, որ ինքը որեւէ բան ոչ հաստատել է, ոչ հերքել է: Իրենք ենթադրում են, որ այդպես է եղել, իսկ մենք ենթադրում ենք, որ այլ բան է տեղի ունեցել: Մենք շատ ավելի հիմքեր ունենք համարելու, որ մեր ենթադրածի պես է եղել, քան կոնկրետ իր ասած ֆանտաստիկ ենթադրությունը»:

Գաբրիել Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի ուզում դատարանի որոշումից առաջ որեւէ բան ասել:

«Խոշտանգումների վերաբերյալ վարկածները իրենց իսկ ներկայացրած նախադեպը չունեցող եվրոպական դատաբժիշկների եզրակացության հետեւության մասում շեշտված է կատեգորիկ, որ մարմնական վնասվածքները պատճառվել են բարձրությունից ընկնելու հետեւանքով: Եվ երկրորդը` տիպիկ պաշտպանողական վնասվածքներ չկան», - այդուհանդերձ, ասաց քննիչը` հավելելով, որ դա արդեն հերքում է ծեծի ու խոշտանգումների վարկածը:

Դատավճիռը հրապարակվելու է ապրիլի 29-ին:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG