Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանի կարծիքով, ընդդիմության մասնակցությունը երկրի կառավարմանը պետք է ամրագրվի օրենքով


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունը երկրի կառավարմանը պետք է կարգավորվի օրենքով:

«Որոշ երկրներում այդ երաշխիքները [երկրի կառավարմանը ընդդիմության մասնակցության] գործում են ավանդույթի ուժով, որոշ երկրներում դրանք օրենսդրորեն ամրագրված են: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է օրենսդրորեն ամրագրել այդ երաշխիքները, որովհետեւ դա իսկապես կստեղծի շատ ավելի լուրջ հենք զարգացման համար», - լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵԽԽՎ-ի բանաձեւի այդ կետին, որտեղ ընդգծվում է քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական երկխոսության, ընդդիմության դերի մեծացման անհրաժեշտությունը, ասաց Հարությունյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի «բուն էությունը», ըստ նրա, հետեւյալն է. - Հայաստանը պետք է անհապաղ կատարի քայլեր ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը բարելավելու համար»: Իշխող կոալիցիան դրան կանդրադառնա «շատ շուտով». - «Ենթադրում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կոալիցիոն գործընկերները կքննարկեն, թե ինչպես են պատրաստվում գործադրել այս բանաձեւը, ինչպիսի մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի այս բանաձեւը արդյունավետորեն կատարվի»:

Մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննությունն իրականացնելիք մարմինը, ըստ հանրապետական պատգամավորի, նպատակահարմար է ստեղծել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից:

«Մենք երբեւէ չենք ունեցել նման փորձ, եվ հենց դրանով է պայմանավորված բանաձեւում զետեղված այն դրույթը, որ երկրները պետք է պատրաստ լինեն տրամադրելու համապատասխան փորձագետներ», - շարունակեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, թե մենք սխալ ենք հասկացել «փորձագետ» բառի իմաստը, երբ դիմել ենք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի օգնությանը, քանի որ այդ կառույցները նման հարցերով չեն զբաղվում: Պետք էր, ըստ Հարությունյանի, դիմել փորձագիտական ծառայություններ մատուցող որեւէ կոնկրետ կազմակերպության. - «Կան երկրներ, որտեղ փորձագիտական խմբերը գործում են հենց ոստիկանության կազմում»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը վստահ է, որ պատվիրակությանը չի սպառնում Վեհաժողովում քվեարկության իրավունքից զրկվելու հեռանկարը:

«Սանկցիան չի կարեւորը. կարեւորը մենք կկատարե՞նք այդ քայլերը, թե՞ ոչ: Այդ քայլերը առաջնային են, ուրեմն ամեն ինչ կենտրոնացնենք քայլերը իրականացնելու համար», - ասաց նա:

Դավիթ Հարությունյանը, ով նաեւ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, փոխանցեց, որ հանրահավաքների անցկացումը սահմանափակող օրենքը կփոփոխվի մինչեւ մայիսի վերջը:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG