Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ապրիլի 19-ին Մանկական զբոսայգում կայացած հանրահավաքը փաստորեն համաժողովրդական պայքարի նոր փուլի սկիզբն էր: Այդ հուժկու հանրահավաքն արձանագրեց, որ իշխանությունների կողմից ուղիղ երկու ամիս շարունակվող տեռորը բացարձակապես որեւէ արդյունք չի տվել: Դա իսկապես տեռոր էր: Արդյունքները հայտնի են. տասը զոհ, մոտ երկու հարյուր վիրավոր, հարյուրից ավելի ձերբակալվածներ, հարյուրավոր մարդկանց նկատմամբ կիրառված «բացատրական աշխատանք» (այսինքն` հարյուրավոր «բերման ենթարկվածներ» սպառնալիքներ եւ այլն), հարկային եւ մաքսային տեռոր, եւ այդպես շարունակ: Արդյունքում` ապրիլի 19-ին ժողովուրդը, գործնականում առանց շարժման ղեկավարների ակտիվ մասնակցության, հավաքվեց Մանկական այգում եւ փաստեց, որ ոչ միայն չի վախեցել երկամսյա տեռորից, այլեւ ավելի է համոզվել, որ առանց այս ռեժիմն արմատախիլ անելու Հայաստանն ապագա չունի»:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում ասել է. - «Իշխանությունն ունի ցածր լեգիտիմություն: Պաշտոնական տվյալներով` բնակչության 40 տոկոսը քվեարկել է հօգուտ ընդդիմության: Խոսքը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի ընտրազանգվածներին: Եթե Արթուր Բաղդասարյանը մտավ կառավարական կոալիցիայի մեջ, ապա նրա ընտրազանգվածը մնաց ընդդիմադիր: Այսինքն` 40 տոկոսը քվեարկել է ընդդեմ կառավարության: Այդ մարդիկ լուսնից չէին իջել եւ ոչ մի տեղ էլ չեն գնացել: Նրանք հիմա էլ այստեղ են: Այդ մարդկանց մի մասը մարտի 1-ից հետո վախեցել է, շոկի մեջ է հայտնվել, մյուսները դարձել են արմատական ընդդիմադիր: Եվ սա լուրջ խնդիր է: Այն, ինչ կատարվեց մարտի 1-ին, երբ սպանվեցին մարդիկ, ողբերգական էր եւ ցնցող: Սակայն ընտրությունների արդյունքների նկատմամբ արտահայտված դժգոհությունը, երբ ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները, քաղաքական իմաստով նորություն չէր եւ Հայաստանում ավանդույթ էր դարձել դեռեւս 1995 թվականից: Մինչ այժմ ընդդիմությանը չի հաջողվել հասնել հաջողության: Կհաջողվի՞ այս անգամ, թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ կանի այսուհետ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ի՞նչ է անելու ընդդիմությունը, երբ առաջիկայում ազատ արձակվեն մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ բռնություն չգործադրած բոլոր անձինք, մեղմացվեն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վերջին փոփոխություններով ամրագրված սահմանափակումները եւ այլն: Նորից սկսելո՞ւ է երթեր ու ցույցեր կազմակերպել, որ նորից լինեն ընդհարումներ, բռնություններ ու որպես դրանց հետեւանք` նոր ձերբակալություններ, թե՞ կատարելու է իրեն եւս վերաբերող ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձեւում ամրագրված` փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները ճանաչելու կամ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարան դիմելու առաջարկը: Տեր-Պետրոսյանը կանգնել է քաղաքական ինքնասպանություն գործելու կամ էլ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու պարտադրանքի առջեւ: Երրորդ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, քանզի կարելի է եւս մի քանի ամիս «ձգել» ներկա ոչ նորմալ կացությունը եւ սպասել, որ նոր իշխանությունները սխալներ գործեն` նրանց քննադատելու համար, որից ըստ էության ոչինչ չի փոխվի»:

«Ժամանակ Երեւան»-ը, իր հերթին, անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւին, նկատում է. - «Արդյո՞ք Եվրոպայի խորհուրդը որեւէ դեպքում ցույց է տվել, որ ինքն ունակ է իրագործել այն զգուշացումները, որ տրվում են որեւէ երկրի պարագայում ժողովրդավարությունից որեւէ քայլ նահանջի դեպքում: Թերեւս ոչ: Օրինակը մեզանից հեռու չէ: Ադրբեջանում տեւական ժամանակ է, ինչ թե քաղբանտարկյալներ կան, թե լրագրողներին են ազատազրկում, նույնիսկ սպանում, թերթեր ու հեռուստատեսություն են փակում: Եվրոպայի խորհուրդը կարծես թե անհաղորդ է դրան: Իհարկե, ամեն մի երկրի պարագայում կայացվում է տվյալ իրավիճակին համահունչ որոշում: Սակայն ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի հետ հնարավոր է պայմանավորվել»:

«Հայկական ժամանակ»-ը, ներկայացնելով նոր կառավարության կազմը, գրում է. - «Ի՞նչ պետք է իրականացներ այս կառավարությունը: Այս կառավարությունը վերջապես պետք է իրականացներ, այսպես կոչված, «երկրորդ սերնդի բարեփոխումները», ինչի մասին խոսվում է ուղիղ 10 տարի, բայց ոչ մի կերպ չի իրականացվում: Դրա հստակ ձեւակերպումն էլ նույնիսկ չկա: Դատելով կառավարության կազմից` այդ բարեփոխումներն էլի չեն իրականացվելու. ախր այս կազմը ոչ մի կերպ չի ձգում «բարեփոխիչների» կամ «ռեֆորմատորների» կոչմանը: Ու քանի որ ոչինչ չի փոխվելու, ապա կառավարության ծրագիրն էլ չի փոխվի: Կմնա նույն պոպուլիստական, գեղեցիկ ձեւակերպումներով, բայց իրականում դատարկ ծրագիրը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG