Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հաստատել է կառավարության կառուցվածքը եւ ավարտել կառավարության կազմավորումը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը:

Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար է նշանակվել Արմեն Գեւորգյանը, որը մինչ այդ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները:

Հովիկ Աբրահամյանը, որը փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարարն էր, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար:

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Գուրգեն Սարգսյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարար:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է ֆինանսների նախարարություն, եւ նախարար է նշանակվել Տիգրան Դավթյանը, որը «Զարգացման հայկական գործակալություն» ընկերության գլխավոր տնօրենն էր, իսկ դրանից առաջ աշխատել է որպես առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է էկոնոմիկայի նախարարություն, որի ղեկավարի պաշտոնում վերահաստատվել է Ներսես Երիցյանը:

Ստեղծվել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որի ղեկավար է նշանակվել «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մհեր Շահգելդյանը:

Հաշվի առնելով, որ «Օրինաց երկիր»-֊ի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ըստ կոալիցիոն հուշագրի, դառնալու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կարելի է փաստել, որ խորհրդարանում թափուր է մնում երեք պատգամավորական տեղ, որոնք կզբաղեցնեն «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում ներառված անձինք:

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը դարձել են նախագահի խորհրդականներ:

Լեւոն Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի օգնական, իսկ Սամվել Ֆարմանյանը՝ նախագահի ռեֆերենտ:

Առայժմ անորոշ է մնում Հայաստանի ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հարցը:

Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ այսօրվանից «Հայաստանի կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանը կներկայացնի իր ծրագիրը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG