Մատչելիության հղումներ

Արամ Սաֆարյան. «Հասարակության մեջ առկա ատելությունը պետք է թոթափել երկխոսության միջոցով»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի համոզմամբ, երկփեղկված հասարակության մեջ առկա ատելությունը հարկավոր է թոթոփել երկխոսության միջոցով:

«Խոսքը երկու տեսակի երկխոսությունների մասին է», - երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց պատգամավորը: - «Առաջին վերաբերում է խորհրդարանի ներսում խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» կուսակցության հետ երկխոսությանը: Երկրորդը արտախորհրդարանական ուժերի հետ երկխոսությունն է, եւ այդ երկխոսությունը պետք է մի հիմքի վրա տեղի ունենա, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, արմատական ընդդիմությունը ընդունի ընտրությունների արդյունքները, ինչը արմատական ընդդիմությանը հնարավորություն կտա ավելի լայն մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքին»:

Ձեւավորվող կառավարության մասին Արամ Սաֆարյանը ասաց. - «Այս նշանակումները, որոնք արվեն են եւ որոնք դեռեւս կարվեն, կխոսեն այն մասին, որ նոր շունչ, թարմություն է բերվում քաղաքական կառավարման մթնոլորտ»:

Նա հավելեց, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարած «Բարգավաճ Հայաստան»-ը դժգոհ չէ, որ նոր կառավարության կազմում նոր պորտֆելներ չի ստացել:

Անդրադառնալով անցած շաբաթ ԵԽԽՎ-ի ընդունած` Հայաստանի վերաբերող բանաձեւում արձանագրված առաջարկություններին, Արամ Սաֆարյանը ասաց. - «Կա այդ քաղական կամքը եւ կա նաեւ գիտակցումը, որ սա անհրաժեշտ է անել: Կառավարության ամբողջական ձեւավորումից հետո երկրի իշխանությունները կմշակեն մի ժամանակացույց, այդ ժամանակացույցի մեջ կներգրավեն բոլոր այն կետերը, որոնց մասին Եվրոպայի խորհուրդը ընդունել է որոշումներ եւ արել է առաջարկություններ, եւ այդ ժամանակացույցի միջոցով մինչեւ հունիս ամիսը քայլեր կձեռնարկվեն իրավիճակը կարգավորելու եւ կայունացնելու ուղղությամբ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես հայտարարեց Արամ Սաֆարյանը, կողմ է մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնելուն: Նրա համոզմամբ` բնագավառներ կան, որ ուղղակի անխուսափելի է միջազգային մասնագետներ հրավիրելը (օրինակ բերեց փողոցային անկարգությունների կանխման բնագավառը):

Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի. - «Մասնագետները կհրավիրվեն, անկախ հանձնաժողովը կստեղծվի եւ կաշխատի, եւ անմեղ մարդիկ չեն դատապարտվի: Ես կասկած չունեմ, որ հասարակությունն էլ թույլ չի տա, որ անմեղ մարդիկ հայտնվեն բանտում: Մեր հասարակությունը դա չի ընդունի»:

Նրա կարծիքով, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողովը չպետք է ստեղծվի Ազգային ժողովում, քանի որ այդ դեպքում այն «ուղղակի արդյունավետ չի կարող գործել»: Հանձնաժողովը, ըստ Սաֆարյանի, կարելի է ստեղծել Հայասանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր կամ Հատուկ քննչական ծառայությանը կից:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG