Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը ողջունում են հանրահավաքների մասին օրենքի լրամշակումները վերանայելու համաձայնությունը


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) ու Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը այսօր ողջունել են Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությունը «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում վերջերս կատարված վիճահարույց լրամշակումները վերանայելու մասին:

«Այս համաձայնությունը եւս մեկ քայլ է հանրային ժողովների խնդրի շուրջ Հայաստանի հետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի երկարատեւ համագործակցության ընթացքում», - ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիստիան Շտրոհալը:

«Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ը սպասում են նոր լրամշակումների նախագծերին եւ պատրաստ են դրանք դիտարկել միջազգային չափանիշներին համապատասխանելու լույսի նեքո», - ասել է Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջաննի Բուկիկիոն:

ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ԺՀՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը մարտի 28-ին լուրջ մտահոգություն են հայտնել վերը նշված լրամշակումների կապակցությամբ, որոնք կատարվել են մարտի 1-2 իրադարձություններից կարճ ժամանակ անց:

Ապրիլի 15-16-ին, այցելելով Երեւան, ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ նախագահի խորհրդական Գեւորգ Մհերյանի հետ:

Հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն խաղաղ հանրահավաքների եւ մասնավորապես ինքնաբուխ հավաքների կազմակերպման համար անհրաժեշտ նախապայմանները խստացնող լրամշակումները չեղյալ հայտարարելու կամ փոխելու մասին: Դա թույլ կտա օրենքը վերադարձնել բուն տարբերակին, որը ժամանակին դրական է գնահատվել ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Պայմանավորվածության համաձայն, կմշակվեն նոր օրինագծեր, որոնք կներկայացվեն ԺՀՄԻԳ-ի եւ Վենետնիկի հանձնաժողովի քննարկմանը: Այդ կառույցների փորձագետները հայկական կողմին հորդորում են բավարար ժամանակ հատկացնել նշված նախագծերի հանրային քննարկման համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG