Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն անցկացրեց մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը


Ընդդիմադիր ուժերը շաբաթ օրը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անցկացրեցին մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

Հանրահավաքը սկսվեց մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո:

Քաղաքական ուժերի ղեկավարներից հարթակում կանգնած էին Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: Առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չէր մասնակցում:

«Բոլորս այստեղ կանգնելու ենք, Հյուսիսային պողոտայում կանգնելու ենք, Ազատության հրապարակում կանգնելու ենք` մինչեւ մեր ամուսիններին, եղբայրներին, հայրերին, որդիներին, ընկերներին ազատ արձակեն», - իր ելույթում ասաց Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, նախկին արտգործնախարար, այժմ կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Նա հայտարարեց, որ հպարտ է, որ քաղբանտարկյալի կին է:

«Ժողովուրդ, մեր պայքարը շարունակվում է», - իր ամուսնու անունից ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ներկայումս թաքնվող Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը: - « Իշխանությունները պետք է հասկանան, որ մարտի 1-ով իրենք ոչ թե ժողովրդին վախեցրեցին, այլ վերջնականապես ժողովրդի միջից հանեցին վախը»:

«Ընդդիմությունն այսօր լի է վճռականությամբ», - իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, երկու օր առաջ ազատ արձակված Սուրեն Սուրենյանցը: - ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը դարձան այն դարբնոցները, որտեղ ձեւավորվեցին իրական քաղաքական գործիչներ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին պահանջենք մեր ընկերների ազատումը»:

Ելույթներն ընդմիջվում էին «Lեւոն` նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն» վանկարկումներով:

Ելույթ ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հանգուցյալ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդա Ղազարյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել մարտի 1-ին. - «Ախպեր տղերքով հավաքվեցին, երկիրը մեջ-մեջ արին, ու հիմա մենք չկանք, մեր տեսակը նրանց պետք չէ... [նրանց համար] ի՞նչ ասել է գիտնական... իմ սոցիոլոգ աղջկան աշխատանքից ազատեցին միտինգների գնալու համար»:

«Քանի որ Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ էր, եւ քանի որ Սերժ Սարգսյանը բոլոր դիվանագետներին կարող էր խոստումներ տալ, ասելով` «ես սրա համար պատասխանատու չեմ», եւ «դուք կտեսնեք բարեփոխումներ միայն ապրիլի 9-ից հետո», ապա այդ քառասուն օրվա ընթացքում Հայաստանում ստեղծվել էր մի ծայրահեղ անպատասխանատվության ժամանակաշրջան, եւ ռեժիմը կարող էր ամենաանպատիժ ձեւով կիրառել ցանկացած բռնություն», - իր ելույթում ասաց Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Lեւոն Զուրաբյանը:

Հանրահավաքի արտոնված ժամկետի ավարտին, քանի որ հավաքվածները չէին ուզում հեռանալ` պնդելով, որ 30 րոպե հոսանք չի եղել, եւ իրենք դեռ այդքան ժամանակ ունեն, մանկական այգին հոսանքազրկվեց:

Մարդիկ շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա` այնտեղ շարունակելու հանրահավաքը, սակայն իրավապահները կազմակերպիչներին, մասնավորապես «Կանայք` հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանին ասացին, որ արտոնված է եղել միայն 2-ժամյա հավաք մանկական այգու մերձակայքում, եւ եթե մարդիկ չցրվեն, ապա ուժ կկիրառվի:

Հանրահավաքի մասնակիցները ցրվեցին: Միջադեպեր չարձանագրվեցին:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG