Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը «լուրջ ճգնաժամ» է որակում Հայաստանում ստեղծված իրավիճակը


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել Միացյալ Նահանգների կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանում հետընտրական իրավիճակի վերաբերյալ ապրիլի 17-ին անցկացված լսումների կազմակերպիչներին` «լուրջ ճգնաժամ» որակելով ներհայաստանյան իրավիճակը:

Ողջունելով լսումներն անցկացնելու նախաձեռնությունը` Human Rights Watch-ը նշում է, որ անցած ամսվա իրադարձությունները Հայաստանի ոչ միայն գցեցին քաղաքական ճգնաժամի մեջ, այլեւ լուրջ վնաս հասցվեց մարդու իրավունքներին:

Մարտի սկզբին կազմակերպության աշխատակիցները 3 շաբաթ գտնվել են Հայաստանում եւ «արձանագրել մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ»: Նրանք 80-ից ավելի զրույցներ են ունեցել բռնության ենթարկվածների, ականատեսների, պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հեղինակավոր իրապաշտպան կազմակերպությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովին: Նշվում է, մասնավորապես, որ Միացյալ Նահանգները պետք է հստակ պահանջի Հայաստանի իշխանություններից հետաքննել մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, վերջ տալ կամայական ձերբակալություններին, ազատ արձակել կալանավորվածներին, որոնք մեղադրվում են չարտոնված հանրավաքներին մասնակցելու համար, հետաքննել բոլոր այն պնդումները, թե ձերբակալությունների ժամանակ բռնություն է կիրառվել:

Կազմակերպությունը նաեւ ընդգծում է հավաքներ անցկացնելու ազատությունը վերականգնելու, մամուլի նկատմամբ ճնշումները դադարեցնելու անհրաժեշտությունը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG