Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Կարողացել ենք բոլոր հարցերի շուրջ հստակեցնել մեր անելիքը»


Ստեփանակերտում այսօր կայացավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

«Մենք կարողացել ենք բոլոր երեք օրակարգային հարցերի շուրջ հստակեցնել մեր անելիքը», - նիստի ավարտին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Lեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերից էին «Lեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի ներկա միտումները եւ խորհրդարանական դիվանագիտության խնդիրները» եւ «Lեռնային Ղարաբաղի քաղաքացիության եւ երկքաղաքացիության օրենսդրական սկզբունքները»:

«Մենք քննարկեցինք Հայաստանի խորհրդարանում շրջանառվող Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, Lեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ եզրակացության նախագիծը», - առաջին հարցի կապակցությամբ ասաց Ղուլյանը: - «Տեղի են ունեցել անկաշկանդ քննարկումներ, եղել են շատ կոնկրետ առաջարկներ»:

Իսկ քաղաքացիությանն ու երկքաղաքացիությանը վերաբերող հարցի քննարկման վերաբերյալ Աշոտ Ղուլյանը ասաց, որ Lեռնային Ղարաբաղի խորհրդարանականների համար օգտակար էր լսել հայաստանցի գործընկերների խորհուրդներն եւ փորձը. - «Այս տեսակետից էլ մեզ հաջողվել է կուտակել որոշակի առաջարկների փաթեթ, որը օգտակար կարող է լինել քաղաքացիության մասին օրենքի քննարկումներում»:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը, Ղուլյանի փոխանցմամբ, տեղի կունենա տարեվերջին Երեւանում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG