Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Նրանք, ովքեր պատրաստ չեն բարեխղճորեն աշխատել, պետք է հեռանան համակարգից»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե մաքսային պետական կոմիտեի այն աշխատակիցները, ովքեր «պատրաստ չեն բարեխղճորեն աշխատել, պետք է հեռանան համակարգից»: Նման կարծիք նախագահը հայտնել է կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ մաքսային մարմինների այսօրվա աշխատանքը եւ մասնագիտական պատրաստվածությամբ, եւ տեխնիկական հագեցվածությամբ, եւ, առաջին հերթին, պետության նկատմամբ պարտավորությունների կատարմամբ, էապես տարբերվում է նախորդ տարիներից, ինչն, անշուշտ, ձեռքբերում է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, ըստ նախագահի, համակարգում ծաղկում են հոռի երեւույթները, կաշառակերությունը, հովանավորչությունն, ամբարտավան վերաբերմունքն, ինչը, անշուշտ, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը եւ հարուցում է համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը:

«Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել», - շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նա առաջնային է համարել խիստ պայքարն, այսպես կոչված, ձախ թղթապանակների դեմ, երբ մարզերից որեւէ մեկում բնակվող 95 տարեկան մարդու անունով թղթապանակ են բացում, իբր նա միլիարդավոր դրամների շրջանառությամբ ձեռնարկություն ունի, մի քանի շաբաթ կամ ամիս հետո այդ ձեռնարկությունը, բնականաբար, փակվում է, իսկ հետքերը կորչում են:

«Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում», - ընդգծել է նախագահը:

Նախագահը նաեւ հայտնել է, որ վերջին մի քանի օրերի ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ ապրանք է հայտնաբերվել, երբ ապրանքագրում գրված է մի բան, իրականում բոլորովին այլ է:

«Վստահ եմ, որ առանց մաքսավորի մասնակցության նման բաներ անհնար են», - շեշտել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ, այսպես կոչված, հսկիչ գներին: Նախագահի համոզմամբ, մաքսային մարմիններն իրավունք չունեն կամայական կերպով շաբաթը մեկ գներ փոխել: Թեեւ օրենքը նրանց այդպիսի հնարավորություն ընձեռում է, բայց այդ աշխատանքը պետք է լինի չափազանց թափանցիկ եւ հանրության համար հասանելի: Բոլոր հսկիչ գները պետք է լինեն մաքսային կառույցի կայքում եւ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի պետք է իրավունք ունենա տեղեկանալ այդ գներին:

«Մեր երկրում հարկային եւ մաքսային մուտքերից բացի սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար, մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը: Մենք բոլորս պետք է ապրենք նորմալ երկրում, որտեղ կարելի է առանց բարդությունների գործարարությամբ զբաղվել: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր եւ միջին բիզնեսը, որեւէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի: Արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը»,֊ - եզրափակել է Հայաստանի նախագահը:


(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG