Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը «ամեն ինչով օգնելու է» նոր կառավարությանը


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հինգշաբթի օրը պատրաստակամություն հայտնեց ամեն ինչով օգնել, որպեսզի նոր կառավարությունը հաջողակ լինի:

«Իհարկե նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել», - ընտրություններից հետո առաջին անգամ հրավիրած ասուլիսում ասաց Վազգեն Մանուկյանը` այդուհանդերձ հավելելով. - «Ես ինքս ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի»:

«Ես կուզենամ, որ այս կառավարությունում ճիշտ նշանակումներ լինեն», - շարունակեց ԱԺՄ նախագահը: - «Եթե հարցեր լինեն կապված պետության անվտանգության հետ կամ մեզ համար ընդունելի բարեփոխումների հետ, անպայման ես իրենց կաջակցեմ»:

Նրա խոսքով, անկախ իշխանություններին սիրել-չսիրելուց, կա երկու ճանապարհ. - «Կամ մենք ուզում ենք, որ իրենց համար վատ լինի, որ ասենք` տեսա՞ք... Բայց վատ կլինի նաեւ բոլորիս համար: Կամ մենք ուզում ենք իրենց համար լավ լինի, արանքում մենք փորձենք տանել մեր հարցը»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երդման արարողությանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, երբ հարակից փողոցները փակվել էին եւ տարածքը շրջապատված էր մահակավոր ոստիկաններով, Վազգեն Մանուկյանը ասաց, որ հասկանում է, թե ինչու կարելի էր գնալ այդ քայլին. - «Եթե այդպես չէր լինում, ի՞նչ էր լինում... Դուք մտածո՞ւմ եք սցենարները... Մեծ բազմություն էր հավաքվելու, ոմանք դա օգտագործելու էին: Ես չեմ արդարացնում դա, բայց շիկացած մթնոլոտում, եթե արդարացում չէ, գոնե կարելի է հասկանալ, թե ինչու է այդպես արվում»:

ԱԺՄ-ի նախագահը ասաց, որ իրեն պաշտոն չեն առաջարկել, պայմանավորվածություններ չունի: Իսկ նոր նախագահի առաջին նշանակումները դրական քայլ է համարում:

«Ես մի քիչ օպտիմիզմ էլ ունեմ», - հայտարարեց Մանուկյանը: - «Lեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ լինելը ես տեսել եմ. շատ վատ նախագահ է եղել: Սերժ Սարգսյանի նախագահ լինելը ես չեմ տեսել: Խրուշչովը երկար ժամանակ աշխատում էր Ստալինի մոտ, [բայց] Խրուշչովի առաջին քարտուղար լինելը եւ Ստալինի առաջին քարտուղար լինելը էապես տարբեր բաներ էին: Դրա համար ես, այնուամենայնիվ, որպես Հայաստանի քաղաքացի ցանկություն կուզենայի արտահայտել, որ երանի այդտեղ էլ այդպիսի բան լիներ… Քանի որ արդեն ինքը նախագահ է, ավելի լավ է լավ նախագահ լինի»:

Մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի համար, ըստ Մանուկյանի, պատասխանատու է պետությունը:

«Ո՞վ է մեղավոր. դա քննարկման հարց է», - ասաց նա: - «Դա արդեն դատարանով պետք է քննարկել, թե ով ում վրա է կրակել, ոնց է ցուցարարների ձեռքին հայտնվել նռնակ…»:

Հարցին, թե ինչու մինչեւ այժմ հանդես չի եկել ենթադրաբար քաղաքական պատճառներով բանտարկված մարդկանց ազատ արձակելու կոչով, նախագահի նախկին թեկնածուն ասաց. - «Ես գտնում եմ, որ ձերբակալվածների մեջ կան իսկապես քաղաքական գործիչներ, որոնք միանգամից պիտի ազատվեն, կան մոլորված մարդիկ եւ կան հանցագործներ: Ասել` բոլորին ազատեք, սխալ կլիներ… Ես գտնում եմ, որ պետք է հնարավորինս շուտ այդ բանը իրարից անջատել եւ բաց թողնել քաղաքական գործիչներին»:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ, երկրում այժմ իրավիճակն այնպիսին է, որ հանրահավաքներ պետք է չլինեն. - «Պետք է 2-3 ամիս հանրահավաքներ չլինեն: Նոր հանրահավաքները այս լարված վիճակում, երբ զոհեր կան, բերելու են նոր զոհերի: Ես լինեի իշխանությունների փոխարեն, 2,3,4 ամսով ժամանակավոր մի բան կընդունեի, որպեսզի բորբոքվածությունը իջնի, բայց ֆունդամենտալ օրենքը փոխել, իհարկե սխալ է»:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG