Մատչելիության հղումներ

Թերրի Դեւիս. «Մարտի սկզբի դեպքերը լուրջ հարված հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը»


Մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերը լուրջ վնաս հասցրեցին Հայաստանի միջազգային հեղինակությանը: Այդ մասին հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը` երեկ ուշ երեկոյան Ստրասբուրգում կայացած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանը ժողովրդավարության առումով հետընթաց ունեցավ:

Դեւիսի խոսքերով` «այժմ կան օրենքներ, որոնք, կարծես թե, մարդկանց համար դժվարություններ են առաջացնում կառավարությանը կամ նախագահին անհամաձայնություն հայտնելու հարցում»:

«Ես կարծում եմ, որ սա ցավալի է: Ժողովրդավարությունը ենթադրում է, որ մարդիկ կարող են հակառակ տեսակետներ ունենալ: Բայց ես որեւէ դեպքում չեմ խրախուսում նաեւ բռնությունը` լինի դա փողոցում, թե ոչ», - ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք, իր կարծիքով, Հայաստանն այսօր քաղբանտարկյալների խնդիր ունի, Դեւիսը պատասխանեց, թե լսել է նման հայտարարություններ, բայց «մինչեւ ասելը, թե Հայաստանում, կամ Ադրբեջանում, կամ որեւէ այլ երկրում քաղաքական բանտարկյալներ կան, պետք է հստակ տեղեկություններ ունենալ»:

«Ես դեռ որեւէ հստակ տեղեկություն որեւէ մեկից չեմ ստացել», - ընդգծեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը` նշելով, սակայն, որ Հայաստանից ինչ-որ մեկի հետ խոսել է այդ մասին, եւ իրեն խոստացել են այս շաբաթվա ընթացքում մանրամասն տեղեկություններ տրամադրել: Թե կոնկրետ ո՞ւմ հետ է հանդիպել` Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը չցանկացավ մանրամասնել:

Թերրի Դեւիսը նաեւ հերքեց ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները, թե ինքը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուծարելու խնդրի շուրջ:

«Ես որեւէ մեկին նման բան չեմ ասել», - ասաց Դեւիսը` հավելելով, որ ինքն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG