Մատչելիության հղումներ

Կալանավորվածների հարազատները ցույց են կազմակերպել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց


Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների հարազատները այսօր կեսօրից հետո բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ` պահանջելով ազատ արձակել կալանավորվածներին:

«Երեւան֊-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ագոյի խմբի այցելությունից հետո տեսակցությունները ամուսնու հետ թույլատրվել են:

«Ուրբաթ օրը կտեսնեմ: Թույլ չեն տալիս անգլերեն խոսել ամուսնուս հետ, ստիպում են հայերեն խոսել, որ ամեն ինչ հասկանան»,֊ - ասաց Մելիսա Բրաունը:

«Առողջության համար վտանգավոր են պայմանները՝ սենյակներն ահավոր նեղ են, դուրս չեն գնում, մաքուր օդ չեն շնչում»,֊ - հայտնեց նա` ավելացնելով, որ իր ամուսնուն չեն հարցաքննում. - «Մեկ ամսից ավելի ոչ մի գործողություն չեն անում»:

Նույն խցում է գտնվում պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը: Նրա կինը՝ Աննա Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Տրամադրությունը մարտական է, հաղթողի տրամադրություն»:

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կինը՝ Վարդուհի Եղիազարյանը հայտնեց, որ իր որդիները երկու անգամ այցելել են հորը: «Նա պայքարելու է մինչեւ վերջ»,֊ - հավատացած է կալանավորվածի կինը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կինը՝ Լուսինե Հայրապետյանը, «Ազատություն» ռադիոկայանիին հայտնեց, որ 12-֊օրյա հացադուլից հետո ամուսինը առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է բուժկետում:

«Հաջորդ տեսակցությունը լինելու է ապրիլի 18-֊ին՝ իմ ծննդյան օրը: Հավատում եմ, որ այդ ժամանակ նա արդեն տանը կլինի: Եթե այդպես չլինի, ես կգնամ տեսակցության, եւ այնտեղ կնշենք: Անհեթեթ եմ համարում բռնություններով մարդկանց բերանը փակելը: Միեւնույն է՝ դա կուտակվելու է եւ մի օր դուրս է գալու»,֊ - համոզված է Սուրեն Սուրենյանցի կինը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG