Մատչելիության հղումներ

Հրաչյա Սարգսյան. «Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել»


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել երկարացնելու կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը:

Արամ Կարապետյանը ձերբակալվել է փետրվարի 24-ին` «սուտ մատնություն» մեղադրանքով (կապված Մեղրին հանձնելու մասին հրապարակային մեկնաբանությունների հետ):

«Ապրիլի 14-ին լրանում է այն ժամկետը, որի ընթացքում քննչական մարմինը պետք է որոշում կայացներ` երկարացնո՞ւմ է արդյոք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի կալանքի ժամկետը, թե՞ ոչ: Կալանքի ժամկետից 10 օր առաջ քննիչը պետք է միջնորդություն ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Մեզ հայտնի դարձավ, որ դատախազության հետ խորհրդակցությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է գործը վարող քննիչը, միջնորդություն է ներկայացվել երկարացնելու Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը»:

Նրա խոսքով, վերջին 40 օրերի ընթացքում «Կարապետյանի հետ որեւէ նախաքննական գործողություն չի իրականացվել». - «Մեր համոզմամբ` պարոն Կարապետյանին անազատության մեջ պահելը ի սկզբանե եղել է քաղաքական պատվերի շրջանակներում»:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Արամ Կարապետյանի խափանման միջոցի հարցը լուծելու ժամկետը դեռեւս չի լրացել, եւ տեղեկություններ կտրվեն ժամկետը լրանալուց հետո միայն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG