Մատչելիության հղումներ

Եվրոպացի փորձագետները Երեւանում քննարկում են հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները


Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները այսօր Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը քննարկել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխությունները:

Քննարկմանը մասնակցում էին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանը ու Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտին ու Նիլ Ջարմանին, Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Հայաստանի նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տիգրան Թորոսյանը եվրոպացի փորձագետներին ասել է, որ հետընտրական բուռն զարգացումները, եւ հատկապես մարտի 1-ի իրադարձությունները հանգեցրեցին Երեւանում հատուկ դրություն մտցնելուն, եւ օրենքում կատարվեցին փոփոխություններ` «խնդիր ունենալով կանխել արնահեղության կրկնության որեւէ փորձ»:

Օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ արդեն իսկ խորհրդարանում նշվել է, որ այն անպայման ուղարկվելու է փորձագիտական եզրակացության` ինչը եւ արվել է: Աժ նախագահը նշել է, որ ստացած արձագանքում 4 կետերի շուրջ քննարկումներ պիտի լինեն:

Առաջինը` իրազեկման հետ կապված դրույթն է, ըստ որի արգելքի դեպքում ոստիկանությունից եւ ազգային անվտանգության մարմիններից պետք է ստանալ եզրակացություն, թե ինչ արգելքներ կան: Փորձագետներն առաջարկում են, որ իրազեկում ներկայացնողն իրավունք ունենա դիմել դատարան եւ կարճ ժամանակում ստանալ դատարանի վճիռը:

Երկրորդ հարցադրումը վերաբերում է իրազեկում ներկայացնելու ժամկետներին. Աժ նախագահն առաջարկեց այդ հարցի քննարկումը առկախել մինչեւ գտնվեն վերջնական լուծումներ, որից հետո հաշվել, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի եւ ամրագրել այդ ժամանակը:

Երրորդ խնդիրը վերաբերում է ինքնաբուխ հանրահավաքներին: Կա մտավախություն, որ այդ մեխանիզմը կչարաշահվի: 10, 50 կամ 100 հոգով իբր ինքնաբուխ հանրահավաք կարող են սկսել, ապա այն դարձնել հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային հանրահավաք: Ուստի խնդիրը ոչ այնքան ինքնաբուխ հանրահավաքի փաստին է վերաբերում, այլ` դրա շահարկման կանխմանը, որը հնարավորություն կտա անջատել բնական եւ արհեստական ինքնաբուխ հանրահավաքները: Աժ նախագահն առաջարկեց քննարկումների արդյունքում գտնել ճիշտ ձեւակերպում կամ թողնել կատարված փոփոխությունը:

Փոխադարձ համաձայնությամբ` օրենքի շուրջ քննարկումները Ազգային ժողովում կշարունակվեն եւ լուծումները գտնելուց հետո` դրանց վերաբերյալ պատրաստել հուշագրի նախագիծ, ապա դրա հիման վրա օրենքը կուղարկվի Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, իսկ արձագանքը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում ու կընդունվեն կատարված փոփոխությունները:

Եվրոպացի փորձագետներին այսօր փորձել էր հանդիպել խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նրանց փոխանցելու մի քանի հարյուր ստորագրություններով նամակ` հետեւյալ բովանդակությամբ. - «Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պահանջում ենք, որպեսզի Ազգային ժողովը անհապաղ վերացնի «ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում մարտի 17-ին կատարված բոլոր հակաժողովրդավարական փոփոխությունները»:

Փոստանջյանը, ի վերջո, թղթապանակը հանձնել է Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG