Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Կառավարության ձեւավորման շուրջ բանակցությունները շարունակվում են»


Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ասաց, որ նոր կառավարության ձեւավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, եւ այս պահին կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին հայտարություն անելը «կոռեկտ չէ»:

«Այս պահին կոռեկտ չէ որեւէ հայտարարություն անել դրա մասին, որովհետեւ դա կխանգարի եւ քննարկումներին, եւ բանակցություններին», - հավելեց նա:

Հարցին, թե ինչ ծրագիր է իրականացնելու նոր կառավարությունը` հաշվի առնելով, որ նորաստեղծ կոալիցիայի մաս կազմող քաղաքական 4 ուժերից 2-ը նախընտրական շրջանում հանդես էին գալիս իշխանությունների վարած քաղաքականության սուր քննադատությամբ, վարչապետը պատասխանեց. - «Դա այն ծրագիրն է, որը արժանացել է մեր ժողովրդի հավանությանը: Քանի որ հանրապետության նախագահը բավականին հավակնոտ ծրագիր էր ներկայացրել նախընտրական կամպանիայի ժամանակ, եւ այդ ծրագիրը արժանացել է ժողովրդի հավանությանը»:

Հարցին, թե իր նոր պաշտոնը համարում է քաղաքական, թե տնտեսական, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Ցանկացած տնտեսական ռեֆորմ առանց քաղաքական բովանդակության չի կարող իրականացվել, եւ վարչապետի պաշտոնը ամբողջությամբ քաղաքական պաշտոն է»:

Իսկ ինչպե՞ս է վարչապետը պատրաստվում պայքարել օլիգարխիկ տնտեսության, զոռբայության եւ լկտիության դեմ. - «Ինչպես որ պայքարել եմ այդ բոլոր երեւույթների դեմ բանկային ոլորտում: Հիմա ասպարեզը ընդլայնվել է, նույն ճանապարհը պետք է անցնենք ռեալ հատվածում»:

Հարցին, թե պտտվում են լուրեր, որ կոալիցիան ոչ միանշանակ, նույնիսկ որոշակի խանդով ընդունեց իր նշանակումը, Տիգրան Սարգսյանը արձագանքեց, թե իրեն այդպիսի լուրեր չեն հասել:

Նորընտիր վարչապետը նաեւ շեշտեց, թե չի ցանկանում, անդամագրվել որեւէ կուսակցության, համենայն դեպս` առայժմ: Lրագրողներից մեկի հարցին` երբե՞ք, նա հակադարձեց. - «Երբեք մի ասեք երբեք»:

Lրագրողների հարցերին Տիգրան Սարգսյանը պատասխանեց Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կազմակերպած Բանկային ֆինանսական ոլորտի աշխատանքի առաջին տոնավաճառում ունեցած ելույթից հետո:


Ռուբեն Մելոյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG